Իրավունք

Օմբուդսմենին ուղղված դիմումները չեն արտացոլում մարդու իրավունքների խախտումների իրական պատկերը

9 րոպեի ընթերցում

Օմբուդսմենին ուղղված դիմումները չեն արտացոլում մարդու իրավունքների խախտումների իրական պատկերը

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքները պաշտպանելու բարդ ու կարևորագույն գործը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործառույթն է, ինչն օմբուդսմեն Կարեն Անդրեասյանիհամար` որպես իրավաբանի, միշտ եղել է կարեւորագույն սկզբունք, քանի որ այն իրավագիտության հիմքն է: Սակայն միևնույն ժամանակ վստահ է, որ դաամենադժվար իրականացվող նորմերից է, ինչն իրականացնելիսավելի հաճախ դառնում են քննադատության թիրախ, քան արժանանում հիացմունքի:«Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հետ:

-Պարոն Անդրեասյան, փոխվե՞լ է արդյոք մարդկանց վերաբերմունքն օմբուդսմենի ինստիտուտինկատմամբ. մեզանում արմատավորվո՞ւմ է իրավունքի խախտման դեպքում մարդու իրավունքների պաշտպանին դիմելու մշակույթը:

-Իմ կարծիքով՝ այո: Ինձ համար դրական փոփոխությունն ակնհայտ է: Փոխվել է, բայց միևնույն ժամանակ դեռ քիչ է: Ճիշտ է` երեք հազար դիմումը դարձել է հինգ հազար, բայց ես վստահ եմ, որ Հայաստանում խախտվում է ոչ թե հինգ հազար, այլ տասը հազար մարդու իրավունք: Ես հավատացած եմ, որ եթե մենք մեր լիազորությունները, ինֆորմացիան և թեժ գծի համարը տեղ հասցնենք մեր ողջ ազգաբնակչությանը, ապա այդ ժամանակ լիարժեք կստանանք խնդիրների պատասխանները: Մեր դիմումների պատկերը չի արտացոլում երկրում եղած իրական խախտումների պատկերը:

-Ո՞ր ոլորտների թերի աշխատանքի արդյունքում են հիմնականում խախտվում մարդկանց իրավունքները:

-Պատկերն անընդհատ փոփոխվում է: Երբ ես սկսեցի պաշտոնավարումը, ամենաշատ խնդիրները գիտեի, որ կա Պաշտպանության նախարարության ոլորտում, բայց միաժամանակ ամենալավը մեզ հետ համագործակցում է հենց այդ նույն նախարարությունը: Չնայած պաշտպանության նախարարության կողմիցարձագանքները դանդաղել են, պատասխանները դարձել են խուսափողական, սակայն եթե իրենք իսկապես մտահոգված են մարդու իրավունքների պաշտպանությամբ, ապա չեն փորձի ազատվել մեր առաջարկներից, գրել լղոզված տեքստեր, ոչ բովանդակային պատասխաններ: Մենք դրանով ենք չափում, թե որքանով է տվյալ գերատեսչությունը մտահոգված մարդու իրավունքների պաշտպանությամբ: Խնդիրներ բոլոր գերատեսչություններում կան, բայց մենք ցավում ենք և սկսում ենք քննադատել այն գերատեսչություններին, որոնց մոտ եղած խնդիրների փոխարեն վերաբերմունքն է վատանում: Դատախազությունը ևս խնդիրներ ուներ: Այն որևէ կերպ չէր ցանկանում հասկանալ և ընդունել մեր առաջարկությունները: Այժմ դրական տեղաշարժեր տեսնում ենք, բայց դեռ չենք կարող ոգևորված ասել, որ Դատախազությունը լիարժեք նվիրված է մարդու իրավունքների պաշտպանության խնդիրների լուծմանը:

Արդարադատության նախարարությունում ևս ամեն ինչ տատանվում է: Մեկ նրանց մոտ սկսում է ակտիվ հետաքրքրություն մեր առաջարկությունների նկատմամբ, մեկ սկսում է բյուրոկրատական քաշքշուկ և փորձ` սեփական խնդիրները ծածկելու: Այսինքն` ամեն նախարարություն, ըստ իրավիճակի, փոփոխվում է:

Նույնը կարող ենք ասել Պաշտպանության նախարարության մասին: Ոչ մի ռեսուրս, ոչ մի լրացուցիչ լումա չի պահանջում, որպեսզի, եթե որևէ մեկն օրենքով իրավունք ունի զորացրվելու, նրան տան այդ իրավունքը: Եթե հիվանդ երեխային չի կարելի վազեցնել` չվազեցնել: Դրա համար ոչ փող է պետք, ոչ միջազգային քաղաքականություն: Դրա համար պետք է պաշտոնյայի խիղճ և օրենքից վախ: Իսկ մեր աշխատանքն այդ օրենքը պահելն է ամեն մարդու համար:

Կայուն դրական և պատշաճ աշխատանք է դրսևորում կադաստրը: Այսինքն` այդ համակարգը հարգում է ինստիտուտը, օրենսդրությունը, ժամկետները: Երևանի քաղաքապետարանի հետ հարաբերությունները դարձյալ ինստիտուցիոնալ հարթության վրա են:

Ինձ համար անձնական որևէ հարաբերություն գոյություն չունի: Ես ունեմ շատ ընկերներ բարձրաստիճան պաշտոնյաների մեջ, միգուցե նաև կան մարդիկ, ովքեր ինձ համարում են թշնամի կամ հակառակորդ: Ինձ համար բոլորը միևնույնն են աշխատանքի մեջ: Ես հասկանում եմ և չեմ կարող մեղադրել մարդկանց: Հնարավոր է, որ ինչ-որ տեղակալի է հանձնարարված լուծել այս կամ այն հարցը, տեղակալը թերացել է, և ղեկավարը նույնիսկ տեղյակ չէ: Մենք հենց տեսնում ենք, որ խնդիրներ են ծագում, ստիպված հրապարակային հայտարարություններով ասում ենք, որ տվյալ ոլորտում դուք թերացել եք, արագ միջոցներ ձեռնարկեք, որպեսզի նորից կենտրոնանաք մարդու իրավունքների վրա:

-Երեխաների և զինծառայողների պաշտպանությունն ինչպե՞ս է իրականացվում: Շատ են դեպքերը նրանց իրավունքների ոտնահարման:

-Երեխաներն ամենախոցելի խումբն են: Նրանք ոչ միայն վախենում են, այլև չունեն այն գիտակցությունը, թե ինչպես պաշտպանել իրենց: Մենք նախ փորձում ենք ջրի երես հանել այդ խնդիրները, հետո լուծել: Շատ դժվար է ջրի երես հանելը: Մենք հիմա ունենք հատուկ ծրագրեր, որոնք փորձում ենք աշխատեցնել զինծառայողի, կանանց, երեխաների համար: Այստեղ շատ ավելի բարդ է, քան այն ոլորտներում, որտեղ մարդիկ գալիս են, բողոքում են ու բացվում:

-Նախորդ ամիս առաջարկություն եք ներկայացրել Վարչապետին՝ առողջական խնդիր ունեցող զինծառայողների հարցով: Ո՞ր փուլում է հարցի լուծումը:

-Այստեղ կրկին Պաշտպանության նախարարության թերացումն է: Այս մասին շատերն են բարձրաձայնել: Խնդիրը հիվանդ զինծառայողների պարտականություններն են: Եթե զինվորը սրտի արատ ունի, նա չպետք է նույն կերպ ծառայի, ինչպես առողջը: Նրան պետք է հատուկ վերաբերմունք: Ամբողջ համակարգն այնպես է սարքած, որ նա չգիտի իրեն բժշկական հանձնաժողովն ինչ ախտորոշում է տալիս, չեն իրազեկում իրեն, թե ինչեր չի կարելի անել և վազեցնում են բոլորին հավասար: Եթե մեկի օրգանիզմը կարող է դիմանալ, մյուսինը կարող է չդիմանալ: Արդյունքում` ունենում ենք կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգներ: Այս մասին մենք շատ ենք խոսում, բայց արձագանքները զրո են:

-Հաշմանդամություն ունեցողները բազմիցս բողոքում են քաղաքի անհարմարություններից՝ անցումներից, տրանսպորտից և այլն: Դուք ի՞նչ կերպ եք փորձում ընդառաջել նրանց, չէ որ դրանով էլ ոտնահարում են նրանց իրավունքները:

-Մենք նույնիսկ երթ արեցինք, տարանք ներկայացրեցինք: Ես էլ եմ հասկանում: Այդքան գումար չկա, որ մեկ օրում բոլոր շենքերում հարմարություններ ստեղծեն: Բայց նոր շենքեր են կառուցում: Օրենքը պահանջում է, որ քաղաքաշինական նորմերով գոնե այդ նոր շենքերում հարմարեցնեն հաշմանդամների համար թեքահարթակներ: Սակայն ինչքան աբսուրդ է, որ այդ շենքերը չեն հարմարեցվում, իսկ 10 տարի հետո ինչքան ծախսեր են անելու, որ կրկին նորոգեն: Կամ անցումներ սարքեցին, որտեղ այնքան թեքահարթակներ են սարքել, որ առողջ մարդուն է նույնիսկ անհարմար: Այսինքն` մենք փորձում ենք ոչ թե մեկ օրում ամբողջ քաղաքը կամ երկիրը հարմարեցնել, բայց գոնե այսօրվա ողջ ծախսատար քայլերն արվեն:

-Հոկտեմբերի վերջին Ձեզ ուղարկվել են երեք դիմում ազատազրկվածների կողմից: Քննարկե՞լ եք արդեն բողոքները: Ի՞նչ լուծում եք տվել հարցերին:

-Մենք իրավունք չունենք միջամտել դատական գործին: Ճիշտ է, մենք դիմումները վերցնում ենք, քանի որ նրանք ուզում են, որ այդ պահին գոնե իրենց լսող լինի: Երբ խնդիրները վերաբերում են իրենց ռեժիմին, բանտում իրենց նկատմամբ վերաբերմունքին, մենք լիազորություն ունենք: Բայց եթե նրանք դժգոհում են դատարանի վճիռներից կամ դրանց արդարությունից, մենք այստեղ անզոր ենք: Անզոր է նախարարությունը, անզոր են բոլոր պետական մարմինները: Մարդկանց շատ ենք փորձում բացատրել, որ մեզ մոտ իրենց ոչ ոք չի կարող դատարանից պաշտպանել:

-Շնորհակալություն:

Հարցազրույցը` Ռուզաննա Մովսիսյանի

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում