ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսին
8 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն այսօր ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսին: Հանդիպմանը մասնակցել են ԵԽ- ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը եւ Հայաստանում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրին` Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը հետաքրքիր է որակել նրա այցի ժամանակը` խորհրդարանական ընտրություններից հետո եւ նախագահական ընտրություններից առաջ, երբ սահմանադրական փոփոխություններից հետո Ազգային ժողովն աշխատում է ընդլայնված լիազորություններով ու քաղաքական կյանքում ազդեցության էական մեծացումով: Նշվել է, որ Հայաստանը գտնվում է բարեփոխումների երկրորդ փուլի շեմին` ամբողջացնելով օրենսդրական դաշտի համապատասխանեցումը սահմանադրական փոփոխություններին` մասնավորապես դատաիրավական համակարգում: Աժ նախագահը նշել է, որ 2008 թ. պետական բյուջեի նախագծում նախատեսվում է հարկերի զգալի աճ ՀՆԱ-ի նկատմամբ, որ վկայում է կոռուպցիայի դեմ իշխանությունների լուրջ պայքարը: Պարոն Թորոսյանի գնահատմամբ` բարեփոխումների երկրորդ փուլի ավարտից հետո հնարավորություն կստեղծվի բաց ճակատով ասել, որ Հայաստանը դարձել է եվրոպական ընտանիքի լիարժեք անդամ: Աժ նախագահը կարեւորել է նախագահական ընտրությունների ժողովրդավարական չափանիշներով անցկացումը` նշելով, որ բարեփոխումների հաջող ավարտը եւ նախագահական ընտրությունների լավ անցկացումը հնարավորություն կտան Հայաստանին ավարտել մոնիտորինգի գործընթացը եւ հետմոնիտորինգային գործընթացի հարցադրում ներկայացնել: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը` պարոն Թորոսյանը բարձր է գնահատել ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի կարեւոր ներդրումը` 1416 բանաձեւում առաջին անգամ ազգերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքները ոչ թե հակադրվում էին միմյանց, այլ` համադրվում որպես լուծման սկզբունքներ: ԵԽ նախարարների կոմիտեն եւս այդ սկզբունքն արձանագրել է իր փաստաթղթում: Աժ նախագահը ափսոսանք է հայտնել, որ 1416 բանաձեւի կիրառումը պատշաճ մակարդակի վրա չէ. մասնավորապես ադրբեջանական կողմից պատերազմի ու ատելության քարոզչության դադարեցման առումով, մինչդեռ դա կարեւոր քայլ կլիներ երկու ժողովուրդների միջեւ վստահության եւ խնդրի կարգավորման անհրաժեշտ մթնոլորտի ստեղծման համար: Ընդգծելով ԵԽ-ի կարեւոր առաքելությունն այս հարցում` պարոն Թորոսյանը ափսոսանք է հայտնել, որ ԵԽԽՎ Լեռնային Ղարաբաղի հարցով ստեղծված ենթահանձնաժողովը այս ուղղությամբ գրեթե քայլեր չի ձեռնարկում: ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը, շնորհավորելով Աժ նախագահին վերընտրության առիթով, հաջողություններ է մաղթել նրան իր դժվարին գործում եւ շնորհակալություն հայտնեց 1416 բանաձեւին տված բարձր գնահատականի համար, որին տեղյակ էր նաեւ Աժ նախագահի ասուլիսից: Նրա գնահատմամբ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանաձեւը ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է գտնել, բայց դա չի լինի հարցի լուծումը: Հարցի լուծման համար փոխադարձ վստահության եւ հարգանքի մթնոլորտ պետք է ձեւավորվի կողմերի միջեւ: Պարոն Դեւիսի գնահատականով` հազիվ թե մոտ ապագայում հարցի լուծումը հնարավոր է: Նա կարեւորել է ՀՀ նախագահի ընտրությունների ժողովրդավարական չափանիշներով անցկացումը` ընդգծելով ոչ միայն ընտրության օրը, այլեւ նախընտրական շրջանում հավասար հնարավորությունների ստեղծումը եւ լրատվամիջոցների հասանելիությունը: Այդ շրջագծում պարոն Դեւիսն անդրադարձել է օպերատիվ հետախուզության մասին օրենքին` նշելով, որ ինքը ծանոթ չէ, բայց հասարակական կազմակերպությունների ու ընդդիմության որոշ ներկայացուցիչներ այն համարում են ընդդիմության գործունեության համար խոչընդոտներ ստեղծող: Պարոն Դեւիսն անհրաժեշտ է համարել ԵԽ փորձագիտական եզրակացության հրապարակումը օրենքի վերաբերյալ: Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը պարզաբանել է, որ այդ օրենքի ընդունումը ուղղակի շահարկվում է, եթե մտադրություն լիներ ընդդիմության գործունեությունը խոչընդոտել, ապա օրենքը կընդունվեր դեռ ապրիլին` խորհրդարանական ընտրություններից առաջ, քանի որ արդեն իսկ երկրորդ ընթերցումով քննարկվել էր: Նա հիշեցրել է, որ ընդդիմության ներկայացուցիչներն առաջարկներ չեն ներկայացրել առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում, եւ երրորդ ընթերցումով քննարկման ժամանակ բողոքելու բարոյական հիմքեր չկան: Աժ նախագահը նաեւ նշել է, որ այդ օրենքը Ազգային ժողովից ԵԽ փորձաքննության չի ուղարկվել, բայց եթե լինի արդարադատության նախարարության ստացած փորձագիտական եզրակացություն, այն կհրապարակվի: Հանդիպման ընթացքում անդրադարձներ են եղել նաեւ Ընտրական օրենսգրքին` Աժ նախագահը նշել է, որ խորհրդարանն արտահերթ նիստում քննարկում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը` նպատակ ունենալով վերացնել այն դիտողությունները, որ միջազգային դիտորդներն արել են խորհրդարանական ընտրությունների ժամանակ: ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը Ազգային ժողովում հանդիպել է նաեւ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա են եղել պատվիրակության անդամներ Հերմինե Նաղդալյանը, Րաýýի Հովհաննիսյանը, Մհեր Շահգելդյանը, Վահե Հովհաննիսյանը, Գրիգոր Մարգարյանը, ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան եւ ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Ընտրական օրենսգրքում կատարվող փոփոխություններին, լրատվամիջոցների անկախության հարցերին, կարեւորվեց առաջիկա նախագահական ընտրությունների ազատ եւ թափանցիկ անցկացումը: Այս համատեքստում պարոն Դեւիսը կարեւորել է բոլոր քաղաքական ուժերին լրատվամիջոցներով հանդես գալու հավասար հնարավորություն ընձեռելը: Նա մտահոգություն է հայտնել Ընտրական օրենսգրքում առաջարկվող այն փոփոխության առնչությամբ, ըստ որի դաշինքները զրկվում են նախագահի թեկնածություն առաջադրելու հնարավորությունից: Պատվիրակության անդամ Հերմինե Նաղդալյանը նշել է, որ առաջարկվող փոփոխությունը ավելի շատ տեխնիկական է` հեշտացնելով գրանցման գործընթացը: Տիկին Նաղդալյանը նշել է, որ Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները քննարկվել են հասարակական, միջազգային կազմակերպությունների հետ, «Ժառանգությունե եւ ՀՅԴ խմբակցությունների ներկայացրած փոփոխություններից շատերը ընդգրկվել են օրինագծում: ԵԽ գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունը` ընդունել տարածաշրջան գործուղվող ԵԽ փորձագետներին, որոնք կուսումնասիրեն Հայաստանի մշակութային եւ կրոնական հուշարձանների վիճակը: Հայկական կողմը առաջարկել է ԵԽ փորձագիտական առաքելություն գործուղել նաեւ Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ, Նախիջեւան եւ Թուրքիա: Հանդիպմանը քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: