Մինսկի խմբի համանախագահները կփորձեն վերականգնել սաֆարովյան դեպքերից հետո կորսված վստահությունը
3 րոպեի ընթերցում
![Մինսկի խմբի համանախագահները կփորձեն վերականգնել սաֆարովյան դեպքերից հետո կորսված վստահությունը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2012/11/698180.jpg)
ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզում հոկտեմբերի 27-ին Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նոյեմբերին կայցելեն տարածաշրջան: Ոճրագործ Սաֆարովի արտահանձնումից և ներում շնորհելուց հետո, սա նրանց առաջին այցն է:
«Արմենպրես»-ը փորձեց քաղաքագետներից պարզել համանախագահների այցից սպասելիքները:Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանիխոսքով՝ համանախագահները գալու են ադրբեջանա-հունգարական գործարքի հետևանքները հարթելու համար: «Նրանք կցանկանան որքան հնարավոր է շուտ բանակցությունները վերադարձնել այն վիճակին, որը եղել է մինչև սաֆարովյան իրադարձությունները: Բնական կլինի, որ մենք գլխապատառ չվերադառնանք այնտեղ, այլ փորձենք ինչ-որ հարցադրումներ անել, որոնք պետք է բանակցությունները շրջեն մեր օգտին»,- ընդգծեց Մանասյանը: Քաղաքագետի խոսքով` բանակցային գործընթացի հետագա զարգացման համար պետք է մեջտեղ բերել ղարաբաղյան կողմի փաստարկների կարևորությունը:
Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովիկարծիքով՝ այցի նպատակը կայանում է նրանում, որ միջնորդները ներկայացնեն այն զարգացման փուլը, որի մեջ գտնվում է բանակցային գործընթացը: Անդրադառնալով «սաֆարովյան» իրադարձություններից հետո բանակցային գործընթացում առկա շեշտադրումների հնարավոր փոփոխություններին՝ քաղաքագետը նշեց, որ այդ գործը ևս մեկ անգամ ապացուցել է Ադրբեջանի կազմում Արցախի գտնվելու անհնարինությունը: «Երկիր, որը որպես պետական քաղաքականություն է ամրագրում ատելությունը ուրիշների նկատմամբ, որը հերոսացնում է էթնիկ գործոնով պայմանավորված սպանություն կատարողին, չի կարող դիտարկվել մի վայր, որտեղ արցախահայությունը կարող է գտնել համատեղ ապրելու ինչ-որ հնարավորություն»,-ընդգծեց Մարգարովը:
Քաղաքագետ Կարեն Բեքարյանիկարծիքով` համանախագահների այցն առաջնահերթ կերպով կողմերի միջև վստահությունը վերականգնելու նպատակ ունի: «Համանախագահների այցը փորձ է թուլացնելու լարվածությունը, հասկանալու, թե ինչ ձևով կարել է ընթանալ առաջ»,- ընդգծեց քաղաքագետը:
Փարիզում Էդվարդ Նալբանդյանը եւԷլմար Մամեդյարովը վերահաստատեցին իրենց վճռականությունը` շարունակելու համանախագահների հետ համատեղ աշխատանքը` խաղաղ կարգավորման հասնելու նպատակով:Համանախագահներն ընդգծեցին կողմերի միջև լարվածության նվազեցման կարևորությունը: Որպես աշխատանքային առաջարկ` նրանք ներկայացրին իրենց գաղափարները` խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով: