Քննարկվել են սիրիահայերին բնակարաններով և աշխատանքով ապահովելու հարցեր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի մոտ՝ մարզպետերի մասնակցությամբ հոկտեմբերի 31-ին կայացել է խորհրդակցություն, որի ընթացքում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն անդրադարձել է սիրիահայերին բնակարաններով, աշխատատեղերով ապահովելու խնդրին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարությունից, Հրանուշ Հակոբյանը մարզպետերին առաջարկել է տեղեկություններ ներկայացնել մայրաքաղաքին մոտ գտնվող համայնքներում վարձակալության հիմունքներով տրվող բնակարանների առկայության, ինչպես նաև համայնքներում թափուր աշխատատեղերի վերաբերյալ:

Փոխվարչապետը մարզպետերին հանձնարարել է պահանջվող տեղեկությունները մեկշաբաթյա ժամկետում ներկայացնել ՀՀ սփյուռքի նախարարություն, ինչպես նաև, հաշվի առնելով սիրիահայերի մասնագիտական հմտությունները, քննարկել տեղերում նրանց աշխատանքով ապահովելու հնարավորությունները:

Հայերեն English