Էջմիածնի Մայր տաճարում հոգեհանգստյան արարողություն կատարվեց Գուրգեն Մարգարյանի և 1999թ. հոկտեմբերի 27-ի զոհերի համար
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միածնաէջ Մայր Տաճարում` նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, հոկտեմբերի 27-ին կատարվեց հոգեհանգստյան արարողություն` Հունգարիայում սպանված ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանի և 1999 թ. հոկտեմբերի 27-ին ոճրագործության հետևանքով ՀՀ Ազգային ժողովում զոհվածների համար:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից, արարողության ավարտին Գուրգեն Մարգարյանի ընտանիքին և ներկաներին իր խոսքն ուղղեց Ամենայն Հայոց Հայրապետը` անդրադառնալով 1999 թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների հետևանքով զոհված պետական այրերի և Հունգարիայում վայրագորեն սպանված լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի հիշատակին:
Նորին Սրբությունը հորդորեց ներկաներին իրենց աղոթքներում մշտապես հիշել նահատակ զավակներին, որպեսզի նրանց հիշատակն ու նվիրյալ ծառայությունը լույս դառնան հայոց կյանքի համար:Վեհափառ Հայրապետը նաև Սուրբ Հոգու մխիթարությունը հայցեց Գուրգեն Մարգարյանի և զոհված հայոց պետական այրերի ընտանիքների համար` աղոթելով, որ Աստված Իր շնորհները հեղի նրանց կյանքի մեջ և նրանք զոհված հարազատների տեսիլքով իրենց կյանքն արդյունավորեն հայրենիքի շինության ու պայծառության համար: