Ադրբեջանն ահաբեկիչների դարբնոց է դառնում. իսլամագետ Սարգիս Գրիգորյան
3 րոպեի ընթերցում
![Ադրբեջանն ահաբեկիչների դարբնոց է դառնում. իսլամագետ Սարգիս Գրիգորյան](http://armenpress.am/resized/480/static/news/b/2012/10/697239.jpg)
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային ահաբեկիչներ պատրաստելու համար Ադրբեջանը բարենպաստ միջավայր ունեցող երկրի կարգավիճակ է ձեռք բերում: Այդ մասին ևս մեկ անգամ վկայեց վերջերս համացանցում տարածված Ադրբեջանցի մարդասպան ահաբեկչի կողմից Աֆղանստանում ամերիկյան ռազմաբազայի դեմ 2008 թվականի նոյեմբերի 21-ին կատարված հարձակման տեսագրությունը: Ահաբեկչության պատճառով զոհվել էին 40 ամերիկացի զինվորներ:Իսլամագետ Սարգիս Գրիգորյանն«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որԲաքվի ռեժիմի կողմից իսլամիստ ծայրահեղականների դեմ պատերազմը և միջազգային ահաբեկչության դեմ պայքարում Ադրբեջանի մասնակցությունը սոսկ ձևական, հռչակագրային բնույթ է կրում, որի հիմնական նպատակը միջազգային ասպարեզում քաղաքական դիվիդենտների ստացումն է: Սարգիս ԳրիգորյաննԱդրբեջանը՝ ահաբեկիչների մատակարար է համարում ու ընդգծում, որիրականում Ադրբեջանը վաղուց արդեն վերածվել է ահաբեկիչների համար բարենպաստ վայրի, որտեղ նրանք ստանում են այդ երկրի էլիտայի քաղաքական և գաղափարական աջակցությունը: Աֆղանստանում և Պակիստանում գործող ահաբեկչական խմբավորումներում ադրբեջանցի մահապարտների մասնակցության բազմաթիվ օրինակներ կան, որոնցից հատկանշական է Աբու Ալի Մուհամեդի ադրբեջանցիներից կազմված հայտնի խմբավորումը:
Ադրբեջանը փորձում է ահաբեկչության հովանավոր լինելու մասին եղած կասկածները ցրել՝ մեղքը գցելով այլ երկրների վրա: Մասնավորապես, Գրիգորյանի դիտարկմամբ, Ադրբեջանի կողմից փորձ է արվում ահաբեկիչների պատրաստման վայր համարել Իրանը, ինչն անհավանական է, քանի որ շիա մահմեդականություն դավանող Իրանը առնվազն գաղափարական նկատառումներով չի կարող թույլ տալ իր տարածքում սուննի ծայրահեղականների բազաների գոյությունը:
Ադրբեջանի կողմից ահաբեկչության հովանավորման ցայտուն դեպք էր նաև քնած հայ սպային կացնահարած ոճրագործ Ռամիլ Սաֆարովին հերոսացնելը: Այս ամենի համատեքստում, առնվազն զավեշտալի է դառնում Ադրբեջանի կողմից Հայաստանին ահաբեկչության սատարման մասին ներկայացվող մեղադրանքները: Իրավիճակը գլխիվայր շուռ տալու ադրբեջանական «տաղանդը» միջազգային հանրությանը մեկընդմիշտ պետք է ցույց տա, որ միջազգային օրենքներ ոտնահարող, ահաբեկիչներ պատրաստող և հովանավորող «հանցագործապաշտ» Ադրբեջանը չի կարող Լեռնային Ղարաբաղի հարցում որևէ կերպ պահանջատեր լինել և չի կարող ապահովել արցախահայության լիարժեք կյանքով ապրելու իրավունքը: Պատկերավոր ասած. «գառը գայլին երբեք պահ տալ չի կարելի»: