Հասարակական

Մարդասիրական օգնությունն անվտանգ հասցվել է Հալեպի հայկական ակումբ

2 րոպեի ընթերցում

Մարդասիրական օգնությունն անվտանգ հասցվել է Հալեպի հայկական ակումբ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի շտապ օգնության մարմնի, ինչպես նաեւ սիրիական Կարմիր մահիկի հետ համագործակցության արդյունքում Հայաստանից Հալեպ հասած մարդասիրական օգնության ծանրոցներն արդեն հասել են Ազգային առաջնորդարանի Արամ Մանուկյանի անվան հայկական ակումբ: Չնայած օդանավակայանի ճանապարհը վտանգներով լի է, սակայն բեռը բարեհաջող հասցվել է հայկական ակումբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեյիսյանն` ավելացնելով, որ այս պահին ակումբի առջեւ պաշտոնական արարողություն է տեղի ունենում, որից հետո Հայաստանից ուղարկված ծանրոցները կիջեցվեն եւ կտեղավորվեն: Ռեյիսյանի խոսքով` օգնությունը կբաժանվի շրջանի բոլոր կարիքավորներին, ինչպես հայերին, այնպես էլ արաբներին:«Օգնության բաժանումը հավանաբար տեղի կունենա հոկտեմբերի 17-ից»,-նշեց Ռեյիսյանը:

Անդրադառնալով Հալեպում տիրող ներկայիս իրավիճակին` նա նշեց, որ ընդհանուր առմամբ իրավիճակը հանդարտ է, մերթ ընդ մերթ բախումներ են տեղի ունենում ավելի ծայրամասային թաղամասերում: Հայկական թաղամասերում հատկանշական նորություններ չկան, իրավիճակը հանգիստ է: Քիչ առաջ պայթյուն է տեղի ունեցել Սուլեյմանիա թաղամասում, սակայն, ամենայն հավանականությամբ, լուրջ վնասներ չկան:

Ինչ վերաբերում է Հալեպի տնտեսական վիճակին, ապա Ռեյիսյանի տեղեկացմամբ, դրական փոփոխություններ չկան, դեռեւս անկայուն վիճակ է, բազմաթիվ աշխատատեղեր փակ են: Գործում են հատուկենտ խանութներ:

Սիրիայում ավելի քան 18 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 30 հազարից ավելի մարդ, այդ թվում` գրեթե չորս տասնյակ հայեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում