Հասարակական

Հայերը, որպես աշխարհի ամենահին ժողովուրդներից մեկը, շատ բան ունեն աշխարհին ցույց տալու. Վյաչեսլավ Կովալենկո

3 րոպեի ընթերցում

Հայերը, որպես աշխարհի ամենահին ժողովուրդներից մեկը, շատ բան ունեն աշխարհին ցույց տալու. Վյաչեսլավ Կովալենկո

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն պարգեւատրվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվո շքանշանով և Ռուսաստանի Տուրիզմի միջազգային ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչմամբ:Պատվավոր կոչումները նրան հանձնեց Ռուսաստանի Տուրիզմի Միջազգային Ակադեմիայի ռեկտոր Իգոր Զորինը: Իր հերթին Կովալենկոն շնորհակալագրերով պարգևատրեց Տուրիզմի հայկական ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Մինասյանին և ՌՏՄԱ ռեկտոր Իգոր Զորինին:

Հոկտեմբերի 8-ին Ռուսաստանի դեսպանատանը ռուս-հայկական գիտազբոսաշրջայինհամատեղարշավի մասնակիցների պատվին կազմակերպված հանդիսավոր ընդունելությանը դեսպանն արշավի նախաձեռնությունը կարևոր համարեց Հայաստանում զբոսաշրջության զարգացմանը նպաստելու առումով:

Նա նշեց, որ հայերը, հանդիսանալով աշխարհի ամենահին ժողովուրդներից մեկը, շատ բան ունեն աշխարհին ցույց տալու: «Դուք որպես առաջամարտիկներ կատարեցիք այդ քայլը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Կովալենկոն:

Զորինն իր հերթին ասաց, որ Ռուսաստանում շատ քչերը գիտեն Հայաստանի առաջին քրիստոնյա երկիր լինելու մասին:«Արշավի նախագիծը կնպաստի Հայաստանի ճանաչողման բարձրացմանը Ռուսաստանում: Որքան շատ զբոսաշրջիկներ գան Հայաստան, այնքան ամուր կլինեն ուղղափառ ավանդույթները»,- ասաց ՌՏՄԱ ռեկտորը:

Տուրիզմի հայկական ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Մինասյանը խոստացավ, որ այս նախագիծը շարունակական բնույթ է կրելու՝ նպաստելով Հայաստանի նոր զբոսաշրջային ռեսուրսների բացահայտմանը: «Մեզ արդեն դիմում են այլ երկրների դեսպաններ՝ նմանատիպ նախագծերին մասնակցելու ցանկությամբ»,- նշեց Մինասյանը:

Միջոցառմանը ներկա ՀՀ էկոնոմիկային փոխնախարար Արա Պետրոսյանը կարևորեց արշավին երիտասարդների մասնակցության հանգամանքը, որոնք իրենց աչքով են տեսել Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները : «Շատ մոտ ապագայում մենք կտեսնենք արշավի պտուղները»,- համոզմունք հայտնեց Պետրոսյանը:

Հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին նվիրված առաջին համատեղ գիտարշավն անցկացվում է սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 9-ը` ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Ռուսաստանի Դաշնության դեսպանատան հովանավորությամբ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում