5 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին ժամանակներս Ադրբեջանում տեղի ունեցող գործընթացները խոսում են այդ երկրում լուրջ խնդիրների առկայության մասին, որոնք սպառնալից մասշտաբների են հասնում կրոնական հակասությունների եւ տարբեր խմբավորումների միջեւ մրցակցության հողի վրա: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց իսլամագետ Սարգիս Գրիգորյանը` նկատելով, որ Ադրբեջանի կողմից անկախության ձեռքբերումից հետո օտարերկրյա կրոնական միսիոներների բավականին արդյունավետ քարոզչության արդյունքում երկրում Էլ ավելի Է ակտիվացել հասարակական կրոնական գործունեությունը:
«Ինչպես նախկինում, այնպես Էլ այժմ այդ գործընթացում բավականին ակտիվորեն ներգրավված են արտաքին ուժերը (Պարսից ծոցի երկրները, Թուրքիան, Իրանը), որոնք, գործելով իրենց շահերի համաձայն եւ ներդնելով զգալի ֆինանսական միջոցներ, բազմաթիվ բարեգործական կազմակերպությունների քողի ներքո իրենց հաճախ ծայրահեղական կրոնական գաղափարներն են ներդնում Ադրբեջանի սոցիալական լայն խավերի միջավայրում»,-ասաց իսլամագետը:
Նրա խոսքով` Ադրբեջանի ողջ տարածքում ներկայում ակտիվ գործունեություն են իրականացնում արմատական իսլամական այնպիսի խմբավորումներ, ինչպիսիք են՝ «Ալ Քաիդան», «Հըզբոլլահը», «Ջեյշուլլահը», «Իսլամական ջիհադը», «Անտառային եղբայրները» եւ ուրիշներ: Այդ մասին վկայում Է հատուկ գործողությունների վերաբերյալ պարբերաբար տրվող տեղեկատվությունը, որոնք արմատական իսլամական խմբավորումների դեմ անցկացվում են Ադրբեջանի գրեթե բոլոր շրջաններում: Թեեւ պաշտոնական Բաքուն ձեւ Է անում, թե հաջողությամբ Է պայքարում եւ փորձում Է գործընթացներն ուղղել իրեն հարկավոր հուն, այդ ամենի հետեւանքով երկրում կրոնական ակտիվությունը վերաճում Է կրոնական դիմակայության, հիմնականում իսլամ դավանողների՝ շիաների-սուննիների, սալաֆիթների-սուֆֆիների, սալաֆիթների-շիաների միջեւ:
Գրիգորյանը նկատեց, որ այս ամենը տեղի Է ունենում այն պայմաններում, երբ ադրբեջանական հասարակության մեջ ընդհանուր առմամբ բավականին ցածր Է մուսուլմանական կրոնի հիմունքների, այդ կրոնի սկզբունքների եւ օրենքների իմացության մակարդակը, ինչը ժամանակակից Ադրբեջանում գոյություն ունեցող բարոյական ու քաղաքակրթական խորը ճգնաժամի եւս մեկ ցայտուն վկայությունն Է: Իշխանությունները, օգտվելով այդ գործոնից, իրենց հսկողության տակ գտնվող ԶԼՄ-ների միջոցով փորձում են բնակչության լայն խավերին պարտադրել իրենց ձեռնտու, բայց իսլամի իրական սկզբունքներից հեռու իրականությունը: Հակառակ դեպքում ինչպես բացատրել այն փաստը, որ Ռամիլ Սաֆարովի գործողությունները Ադրբեջանի որոշ շրջանակների կողմից մատուցվում են որպես իսկական մուսուլմանին վայել վարքագիծ:
Իսլամագետի դիտարկմամբ` Բաքվի ռեժիմի այս ողջ քաոսային քաղաքականությունը ոչ միայն չի թուլացնում իսլամիստական սպառնալիքը, այլեւ նպաստում Է ադրբեջանական հասարակության մեջ ծայրահեղական տրամադրությունների սաստկացմանը, ինչը ձեռնտու Է հենց այն իսլամիստական խմբավորումներին, որոնք ֆունդամենտալիզմ են դավանում դրա ծայրահեղ ձեւով: Հարց Է ծագում՝ ինչի համար են Ադրբեջանին հարկավոր նման տրամադրությունները: Պատասխանը մեկն Է՝ անհրաժեշտ Է ցույց տալ, որ Բաքվի ռեժիմն իբր ակտիվի պայքար Է մղում միջազգային ահաբեկչության դեմ՝ դրանով իսկ փորձելով թեկուզեւ մասնակիորեն Արեւմուտքի առջեւ վերականգնել իր վաղուց կորսված հեղինակությունն ու իմիջը:
«Բաքվում «ահաբեկչության դեմ պայքարը» վերածվել Է քաղաքական շահարկումների օբյեկտի: Բավականին մեծ Է քաղաքական Էժանագին դիվիդենդներ շահելու գայթակղությունը հենց այնտեղ, որտեղ ռեժիմի համար մեծ սպառնալիք են ներկայացնում հասարակության առաջավոր խավերը, մասնավորապես, շիա եւ սուննի երիտասարդությունը, որը ժամանակակից կրոնական կրթություն Է ստացել արտասահմանում»,-ասաց նա:
Իր նպատակներն իրագործելու համար ալիեւյան ռեժիմը հասարակության մեջ փաստորեն արժեզրկում Է բարոյական ու կրոնական նորմերի համակարգը, որոնց վերականգնումը Ադրբեջանի համար դյուրին խնդիր չի լինի ապագայում: Այն տպավորությունն Է ստեղծվում, որ Ադրբեջանում հերոս համարվելու եւ հասարակության լիարժեք անդամ լինելու համար անհրաժեշտ Է ունենալ ոչ լրիվ միջնակարգ կրթություն, մթանգնված բանականություն եւ գոնե մեկ անգամ կացնով սպանել քնած հայի: