Հասարակական

Սեյրան Օհանյանը գոհ է ՀԱՊԿ զորավարժություններում հայ զինվորների ցուցաբերած կարողություններից

2 րոպեի ընթերցում

Սեյրան Օհանյանը գոհ է ՀԱՊԿ զորավարժություններում հայ զինվորների ցուցաբերած կարողություններից

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գոհ է «Փոխգործակցություն 2012» համատեղ զորավարժությունների նախապատրաստական աշխատանքից, կազմակերպումից, եւ ամենակարեւորը` հայ զինծառայողների գործողություններից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` սեպտեմբերի 19-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ Սեյրան Օհանյանը ընդգծեց, որ տակտիկական դաշտում մեր զինվորները համատեղ լուծել են ռազմաուսումնական խնդիրներ, ցույց են տվել բարձր պատրաստվածություն, միասնականություն եւ մարտական ընկերության ամենաբարձր մակարդակ: «Զորավարժության նպատակներն իրականացված են, եւ ես գոհ եմ մեր զինծառայողների գործողություններից»,- հայտարարեց պաշտպանության նախարարը:

ՍեյրանՕհանյանի խոսքով` զորամիավորումների համատեղ գործողություններին նախորդել է ահռելի նախապատրաստական աշխատանք: «Մեր զինծառայողները, զինվորները, սպաները, գեներալները մշակել եւ պատրաստվել են հիմնական փուլին»,-ասաց նա: Նախարարը հիշեցնում է, որ զորավարժությունների հիմնական նպատակը ոչ միայն ղեկավարների, շտաբների գիտելիքների ու կարողությունների ստուգումն ու համատեղ գործողությունների կազմակերպման ու անցկացման կարողությունների զարգացումը, ստորաբաժանումների համահունչ գործողություների մակարդակի բարձրացումը, այլեւ ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի համատեղ գործողությունների իրականացումն էր: «Միաժամանակ մենք մեր առաջ դրել էինք հետազոտական նպատակներ` պարզելու, թե ինչպե՞ս են ՀԱՊԿ անդամ երկրները պատրաստ համատեղ գործողությունների, արդյո՞ք կարողանում ենօպերատիվ կերպով արձագանքել այս կամ այն սպառնալիքին, որոնք կան ՀԱՊԿ տարբեր տարածաշրջաններում»,- ասաց Սեյրան Օհանյանը:

Սեպտեմբերի 15-19 Հայաստանում անցկացվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում