Հայաստանում առաջին անգամ անցկացվել է հիդրոցիկլետների մրցավազք
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիան, «ԱրմենՏել» և Nakoil ընկերությունների աջակցությամբ կազմակերպել է հիդրոցիկլետների առաջին սիրողական մրցավազքը Հայաստանում:
Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին«ԱրմենՏել» ընկերությունից, մրցավազքը տեղի է ունեցել սեպտեմբերի 9-ին Սևանա լճում ջրային մոտոցիկլետների երկու դասում` մինչև 255 և ավելի ձիաուժ հզորությամբ: Միջոցառմանը մասնակցել է ավելի քան 20 մարզիկ, ովքեր մրցում էին օլիմպիական համակարգով 1200 մետր երկարությամբ ջրային մրցուղով: A դասում հիդրոցիկլետների առաջին սիրողական մրցավազքի հաղթող են դարձել Դավթյան Ռաֆին, Բաղդասարյան Շավարշը և Ավետիսյան Վաչիկը, իսկ B դասում` Գոնչոյան Գրիշան, Սարգսյան Գարուշը և Հովակիմյան Հակոբը, ովքեր համապատասխանաբար գրավել են առաջին, երկրորդ և երրորդ տեղերը:
«Հաճելի է տեսնել, որ «ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ Հայաստանում էքստրեմալ մարզաձևերն ավելի ու ավելի հայտնի են դառնում: Միջոցառման հյուրերն իրենց համար Հայաստանում բացահայտեցին ջրամոտորային նոր սպորտաձև և մենք հույս ունենք, որ հիդրոցիկլետների մրցությունը կբարձրացնի հայ երիտասարդների հետաքրքությունը ջրային սպորտի և ակտիվ հանգստի հանդեպ, ինչպես նաև Սևանա լճի զբոսաշրջային գրավչությունը», - նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
«Այս մրցությունը ցույց տվեց, որ Հայաստանում կան հիդրոցիկլետների մրցավազքի սիրահարներ, որոնց հարուստ ներուժը կարող է բացահայտվել հետագա մրցույթներում: Մասնակիցների խոսքով նրանք պատրաստ են ապագայում նույնպես մասնակցել նման մրցույթների, որը հնարավորություն կտա հետագայում անցկացնել ոչ միայն սիրողական այլ նաև արհեստավարժ մակարդակի մրցումներ», - ասել է Հայաստանի էքստրեմալ սպորտի “Ադրենալին” ասոցիացիայի նախագահ Արտաշես Ստեփանյանը: