Կառավարությունը պետական բյուջեի եկամուտների մասով գերակատարում է արձանագրել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը 2012 թվականի առաջին ութ ամիսների ընթացքում հավաքագրել է 567 միլիարդ 156 միլիոն դրամի եկամուտ, որից հարկերը, տուրքերը և սոցվճարները կազմել են 550 միլիադ 109 միլիոն դրամ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՀՀ կառավարության սեպտեմբերի 6-ի նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: «Պետք է արձանագրել, որ հարկերի և տուրքերի հավաքագրման գերակատարում ունենք: Նախանշված ցուցանիշներին այս արդյունքները գերազանցում են 4 միլիարդ դրամով: Տարեկան ցուցանիշերը համապատասխանում են մեր տնտեսական ակտիվությանը: Ակնկալվում է, որ չորրորդ եռամսյակում ավելի բարձր մուտքեր կլինեն պետական բյուջե»,- ասաց նախարարը:
Նրա խոսքով` բյուջեի կատարումը եկամուտների մասով ընթանում է ըստ ծրագրվածի, մի փոքր գերակատարումով, և այն իրատեսական է: Վաչե Գաբրիելյանի տեղեկացմամբ` բյուջեի ծախսերը վերը նշված ժամանակահատվածում կազմել են 574 միլիարդ դրամ: «Այս տեմպերով շարունակելու դեպքում բյուջեի դեֆիցիտն ավելի ցածր կլինի մի քանի տասնյակ միլիարդ դրամով, քան նախատեսված էր: Այսինքն, մեր բոլոր պարտավորությունները կատարվում են»,- ասաց Գաբրիելյանը: