Ադրբեջանի համար սովորական է դարձել միջազգային իրավունքի հիմնարար նորմերի խախտումը. Էդվարդ Նալբանդյան
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանում օգոստոսի 30-31-ին տեղի է ունեցել Չմիավորման երկրների շարժման 16-րդ գագաթաժողովը, որին ներկա են եղել կազմակերպության 120 անդամ եւ 17 դիտորդ երկրների բարձրաստիճան պատվիրակությունները, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը: Գագաթաժողովի աշխատանքներին Հայաստանի պատվիրակությունը գլխավորող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն օգոստոսի 31-ին հանդես է եկել ելույթով, որը որպես գագաթաժողովի պաշտոնական փաստաթուղթ տարածվել է մասնակից պետությունների պատվիրակություններին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ԱԳ նախարարության լրատվական ծառայությունից` իր խոսքում նախարար Նալբանդյանը մասնավորապես նշել է. «Հանդիսանալով Չմիացած երկրների շարժման դիտորդ, Հայաստանը կիսում է այդ կազմակերպության արժեքները, որոնք հիմնված են ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների եւ սկզբունքների, մարդու հիմնարար իրավունքների հանդեպ հարգանքի վրա»:
Անդրադառնալով արցախյան հիմնախնդրին՝ Էդվարդ Նալբանդյանը դիմելով ներկա բարձրաստիճան պատվիրակություններին նշել է.
«Համոզված եմ, որ կարեւոր է այս հարգարժան լսարանին ներկայացնել Ադրբեջանի կողմից գագաթաժողովի հայտարարության 391-րդ պարբերության շուրջ իրականացված մանիպուլյացիաների վերաբերյալ իրողությունը: Ադրբեջանը ընդհամենը մեկ տարի առաջ դարձավ Չմիավորման երկրների շարժման անդամ, եւ արդեն փորձում է շահարկելով իր անդամակցությունը, թյուրիմացության մեջ գցել կազմակերպության անդամ երկրներին՝ ուղղորդելով նրանց միջազգային հանրության դիրքորոշումների դեմ: Այս պարբերությունը հակասության մեջ է մտնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի տրամաբանությանը, ոգուն ու ձեւակերպումներին, որոնք արտացոլված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների ղեկավարների լ՛Աքվիլայում, Մուսկոկայում, Դովիլում եւ Լոս – Կաբոսում ընդունված հայտարարություններում, ինչպես նաեւ ԵԱՀԿ շրջանակներում՝ Աստանայի գագաթաժողովի, Հելսինկիի, Աթենքի, Ալմաթիի, Վինլյուսի նախարարական հանդիպումների շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ ընդունված հայտարարություններում: Այս փաստաթղթերը կարևորում են միջազգային իրավունքի երեք սկզբունքների՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության՝ որպես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման անկյունաքարային տարրեր: Ցավոք, 391-րդ պարբերությունը անտեսում է ինքնորոշման իրավունքի սկզբունքը եւ չի օգտագործում միջազգայինորեն ընդունված «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր» եզրույթը»:
Նալբանդյանը նշել է, որ նման մոտեցումը ոչ միայն վտանգում է բանակցային գործընթացը եւ փխրուն իրավիճակը հակամարտության գոտում, այլեւ հակասում է Չմիավորման երկրների շարժման հիմնարար սկզբունքներին:
«Ժողովուրդների ինքնորոշման իրավունքը շարժման հիմնադրման օրվանից եղել և մնում է վերջինիս հիմնասյուներից մեկը, որն ընդգծված է բոլոր գագաթաժողովների եւ նախարարական հանդիպումների փաստաթղթերում: Ադրբեջանի համար սովորական է դարձել միջազգային իրավունքի հիմնարար նորմերի եւ ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումը: Այդ առումով որեւիցե մեկի համար անակնկալ չէ, որ Ադրբեջանը, հանդիսանալով Չմիավորման երկրների շարժման անդամ, շարունակաբար խախտում է «Բանդունգի սկզբունքները»՝ խտրականություն եւ ազգային ատելություն քարոզելով: Միջազգային կազմակերպությունները բազմիցս համապատասխան գնահատականներ են տվել Ադրբեջանում քսենոֆոբիայի, ռասիզմի եւ անհանդուրժողականության դրսեւորումներին: Իր ողջ պատմության ընթացքում Չմիացած երկրների շարժումը աջակցել է հակամարտությունների բացառապես խաղաղ կարգավորմանը, մինչ Ադրբեջանը իր ամենօրյա ռազմատենչ հայտարարություններով, ռազմական բյուջեի բազմապատկմամբ՝ քսան անգամ վերջին հինգ տարում, հարձակողական սպառազինությունների հսկայական քանակի ձեռքբերմամբ՝ ի խախտումն իր միջազգային պարտավորությունների, ուժի կիրառման շարունակական սպառնալիքներով՝ վտանգում է ոչ միայն տարածաշրջանային, այլեւ միջազգային կայունությանը և անվտանգությանը: Նման վարքագիծը հարիր չէ Չմիացած երկրների շարժման անդամ պետությանը և ավելին, հարված է հասցնում այս կազմակերպության հեղինակությանը», - ընդգծել է Հայաստանի արտգործնախարարը: