ՀՀ ԱԳ նախարարի եւ ԻԻՀ նախագահի թեհրանյան հանդիպմանն անդրադարձ է եղել ԼՂ խնդրին

3 րոպեի ընթերցում

Թեհրանում Չմիավորված երկրների շարժման գագաթաժողովի աշխատանքներին մասնակցող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին օգոստոսի 31-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից` ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Իրանի նախագահը ջերմությամբ է հիշել անցյալ դեկտեմբերին իր այցելությունը Հայաստան եւ գոհունակությամբ նշել, որ Հայաստանի Նախագահի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները արդեն կյանքի են կոչվում: Իրանի նախագահը խնդրել է իր ջերմ ողջույներն ու բարեմաղթանքները փոխանցել Հայաստանի ղեկավարին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Էդվարդ Նալբանդյանը Մահմուդ Ահմադինեժադին է փոխանցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը եւ շնորհավորել Չմիացած երկրների շարժման նախագահությունը ստանձնելու եւ կազմակերպության գագաթաժողովի բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Իրանի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը կարեւորել են երկու երկրների միջեւ զարգացող համագործակցությունը, քննարկել համատեղ տնտեսական ծրագրերի իրականացման ընթացքը, անդրադարձել Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի, Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայանի, նավթամթերքների խողովակաշարի կառուցման նախագծերին:

Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը` Իրանի նախագահն ընդգծել է, որ իր երկրի դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ այն պետք է կարգավորվի արդարացիորեն եւ խաղաղ բանակցությունների միջոցով:

Թեհրանում նախարար Նալբանդյանը հանդիպում ունեցավ Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:

Հանդիպմանը նախարար Նալբանդյանը կարեւորեց երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում ՀՀ և ԻԻՀ օրենսդիր մարմինների արդյունավետ համագործակցությունը, երկու երկրների նորընտիր խորհրդարաններում բարեկամական խմբերի ձևավորումը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի հարցերի շուրջ, անդրադարձան մի շարք տարածաշրջանային խնդիրներին:

Էդվարդ Նալբանդյանի թեհրանյան օրակարգում էր հանդիպումը Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհիի հետ:

Նախարարները անդրադարձան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի, տարածաշրջանային մի շարք խնդիրների:

Հայերեն Русский