Հասարակական

Հայ ակտիվիստները վայր գցեցին Հունգարիայի դրոշը եւ լոլիկներ նետեցին հյուպատոսարանի ուղղությամբ

3 րոպեի ընթերցում

Հայ ակտիվիստները վայր գցեցին Հունգարիայի դրոշը եւ լոլիկներ նետեցին հյուպատոսարանի ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Հունգարիայի հյուպատոսարանի մոտ օգոստոսի 31-ին տեղի ունեցավ բողոքի ակցիա Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներ եւ մի խումբ ակտիվիստների մասնակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` ակցիայի մասնակիցներն, ի նշան դժգոհության, լոլիկներ նետեցին Հունգարիայի դրոշի եւ հյուպատոսության ուղղությամբ: Ակտիվիստները վայր գցեցին Հունգարիայի դրոշը: Նրանք այրեցին ոճրագործ Ռամիլ Սաֆարովի լուսանկարը:

ՀՀԿ անդամ Կարեն Ավագյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել էր, որ բողոքի ակցիայի կազմակերպումը եղել է համպատրաստից` ժամերի ընթացքում, եւ որ «սա առաջին արձագանքն է մեր կողմից»: «Այս կերպ մենք փորձում ենք միջազգային հանրության ուշադրությունը սեւեռել մի հարցի վրա, որն անթույլատրելի է: Ակնկալում ենք միջազգային հանրության եւ գերտերությունների արձագանքը»,- ասել էր Ավագյանը:

Նրա խոսքով` կատարվածը ոչ թե հայկական կողմի բացթողումն է, այլ արդյունքը թաքուն ու կեղծ այն գործընթացի, որն իրականացվել է Հունգարիայի եւ Ադրբեջանի կողմից:Հասարակական կարգը պահպանելու համար հյուպատոսարանի տարածք էին ժամանել ՀՀ ոստիկանության աշխատակիցները:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պատժի կրումից ազատել է Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ոճրագործ Ռամիլ Սաֆարովին: Ադրբեջանի նախագահի լրատվական ծառայությունը տարածել է Ալիեւի` օգոստոսի 31-ին ստորագրած կարգադրության տեքստը, որում նշվում է, որ այն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցներն, անանուն աղբյուրներ վկայակոչելով, նշել են, որ Ռամիլ Սաֆարովն էքստրադիցիայի է ենթարկվել եւ արդեն Ադրբեջանում է:

2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի ոճրագործ սպա Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Հայաստանի ԶՈւ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ: Երկու սպաները Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին անգլերեն լեզվի դասընթացներին ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակներում: Հունգարիայի դատարանը դատապարտեց Ռամիլ Սաֆարովին ցմահ բանտարկության առանց ներման իրավունքի առաջին 30 տարիներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում