Կիլիկիո կաթողիկոսարանը Ցեղասպանության 100 -ամյակին ընդառաջ շինարարական ծրագրեր կիրականացնի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ նախաձեռնում է մի շարք շինարարական շրագրեր իրականացնել, որոնք առաջիկա երկու տարում կատարվելու են Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի, Ազգային կենտրոնական վարչության եւ կաթողիկոսարանի ճարտարապետների կողմից:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Անթիլիասից, Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ որոշվել է բարեկարգել Բիքֆայայում 1965-ին կառուցված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանն ու դրա տարածքը: Նախատեսվում է վերանորոգել հուշարձանը, որի պատի կից կզետեղվի «Հայոց ցեղասպանության քարտեզը»: Կոթողի մոտ կառուցվելու է նաեւ խորան, իսկ դեպի հուշարձան տանող ճանապարհին Հայոց պատմության, հայ եկեղեցու եւ ցեղասպանության խորհրդանիշներ կփակցվեն: Արդեն երեք բարերարներ պատրաստակամություն են հայտնել ֆինանսավորել այս ծրագրերը:

Կիլիկիո կաթողկոսարանը նախաձեռնում է նաեւ «Թռչնոց բույն» կառույցը, որը ճարտարապետական, պատմական եւ հնագիտական մեծ արժեք ունի, վերածել Ցեղասպանության թանգարանի: Այստեղ կտեղադրվեն ցեղասպանության ու հատկապես որբերի, գաղթական հայորդիների կյանքին առնչվող իրեր, նկարներ, հուշագրեր եւ այլն:

Հայոց ցեղասասպանության տարելիցին ընդառաջ նախատեսվում է նաեւ հիմնանորոգել Անթիլիասի Նահատակաց մատուռը, որը կառուցվել է1938-ին:

Վերջին երկու նախաձեռնությանը միացել է իտալահայ բարերարներ Ալեքո եւ Անի Պեզիկյանների որդին` Արամ Պեզիկյանը:

Հայերեն English Русский