Տարբեր ազգերի մի խումբ երիտասարդներ հանգստանում են Արցախում
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն օգոստոսի 27-ինընդունել է «Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ընկերակցություն» (YMCA) միջազգային կազմակերպության հովանու ներքո Արցախում համատեղ հանգիստ անցկացնող մի մեծ խումբ երիտասարդների։ Խմբում ընդգրկված են ընկերակցության անդամներ աշխարհի տարբեր երկրներից՝ Վրաստանից, Ռուսաստանից, Չեխիայից, Լեհաստանից, Բելառուսից, Ռումինիայից, ինչպես նաև Հայաստանից և Արցախից։ Հանդիպումը տեղի է ունեցել ԱԺ նիստերի մեծ դահլիճում։
Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի ԱԺ-ից, ներկայացնելով հանդիպման մասնակիցներին, ընկերակցության Արցախի կառույցի ղեկավար Դավիթ Մելքումյանը հաղորդել է, որ տարբեր ազգերի երիտասարդ քրիստոնյաների արցախյան հանգիստն ամենամյա բնույթ է կրում և տարեցտարի աշխարհագրորեն ընդլայնվում է նրա կազմը։ Այս հերթական այցը, ասաց նա, իրականացվում է «Խաղաղության արմատներ» ծրագրի շրջանակներում, որը պարունակում է ճանաչողական ու կրթական խնդիրներ։ Այցի ավարտին խմբի յուրականչյուր անդամ շարադրելու է Արցախից ստացած իր տպավորությունները՝ «Իմ պատմությունը» վերնագրի ներքո, տեղադրելով համացանցում։
Ողջունելով երիտասարդ հյուրերին, ԱԺ նախագահը կարևորել է նրանց այցը` նշելով, որ դա շատ լավ առիթ է ինչպես Արցախն անմիջականորեն, առավել ընդգրկուն ճանաչելու, նույնպես և փոխադարձ շփումների համար։ Ապրելով տարբեր երկրներում, ասել է նա, մենք բոլորս ունենք նաև ընդհանուր խնդիրներ, և ահա նման հանդիպումները հնարավորություն են տալիս համատեղ կշռադատելու, քննարկելու դրանք և, ինչու չէ, ընդհանրական լուծումներ գտնելու համար։
ԱԺ նախագահն այնուհետև ներկաներին ներկայացրել է Արցախի քաղաքական, սոցիալ-տնտեսական, կրթամշակութային կյանքը, անդրադարձ է կատարել ղարաբաղյան հիմնախնդրին ու նրա կարգավորման գործընթացին, ապա պատասխանել է հանդիպման մասնակիցների բազմաթիվ հարցերին։