2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ հարյուր սիրիահայեր Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունում մասնակցեցին հավաք-խորհրդակցության, որտեղ քննարկվեցին խնդիրներ` կապված նրանց կեցության, կրթության, առողջապահության հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` խորհրդակցության ընթացքում Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ սիրիահայերը յուրօրինակ կամուրջ են դարձել Սիրիայի եւ Հայաստանի միջեւ:
«Օրական 10-15 սիրիահայ է մեզ այցելում տարբեր հարցերով, եւ մենք փորձում ենք դրանց պատասխաններ գտնել: Մենք արդեն աշխատանքային խումբ ենք ստեղծել` սեպտեմբերի 1-ին երեխաների ուսման հարցերը լուծելու համար»,- ասաց նախարարը: Նրա խոսքով` սիրիահայերին մի շարք խնդիրներ են հուզում, եւ դրանք մշտապես գտնվում են նախարարության ուշադրության կենտրոնում: Ներկա դրությամբ Հայաստանում բնակվում են 1700 չափահաս սիրիահայեր: Նրանց մտահոգող խնդիր են տրամադրվող 21-օրյա վիզայի ավարտից հետո նախատեսված տուգանքները, որոնք սիրիահայերը չեն կարողանում վճարել:
«Հայաստան» համահայկական հիմնադրամում հատուկ հաշվեհամար է բացվել` սիրիահայերի կարիքները հոգալու համար. «այնտեղ արդեն կա բավարար գումար», ասաց Հրանուշ Հակոբյանը:
Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը հայտնեց, որ Երեւան տեղափոխված սիրիահայ աշակերտների հասցեները ճշգրտել են, որպեսզի երեխաներին բնակության վայրին մոտ դպրոցներ ու մանկապարտեզներ ընդունեն: Սիրիահայ աշակերտներին տրամադրվող դասագրքերն անվճար են: Նախապատրաստական կուրսերում սիրիահայերի համար ուսման վարձը կիսով չափ կզեղչվի: Ներկայում սիրիահայերի համար հատուկ դպրոց ստեղծելու հարց է քննարկվում: