ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում ազգային առաջնորդարանի շրջանը կրկին անցել է կառավարական զորքերի վերահսկողության տակ: Նախօրեին տեղեկությունները առաջնորդարանին հարակից տարածքներում ընդդիմադիրների գործողությունների մասին հակասական էին. հաղորդվում էր, որ հայկական թաղամասերն անցել են զինյալ խմբավորումների հսկողության տակ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Հալեպի ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեիսյանը նշել էր, որ հակամարտությունների արդյունքում հայկական որեւէ կառույց չի վնասվել, հայազգի որեւէ քաղաքացի չի զոհվել: Նա հերքել էր նաեւ շրջանառվող լուրերը, թե ընդդիմադիրները ցանկացել են գրավել Կիլիկյան վարժարանը:
Հալեպահայերի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ Ժդիյդե շրջանի մաքրագործման ժամանակ ավելի քան 400 զինյալ է սպանվել: Հալեպցիներն ուրախությամբ են նշել այդ հաջողությունները:Չնայած դրան` Հալեպի որոշ թաղամասերում դեռեւս շարունակվում են բախումները: Լրատվամիջոցների կողմից տարածած լուրերն այն մասին, որ հայկական թաղամասերը զինյալների հսկողության տակ են անցել, իրականությանը չեն համապատասխանում:
Սիրիայի զինված ուժերը շարունակում են համառ պայքար մղել զինված խմբավորումների դեմ Հալեպի տարբեր թաղամասերում:Ընդդիմադիրների եւ կառավարական զորքերի միջեւ Սիրիայում սկսված բախումների հետեւանքով զոհվել ենմեկ տասնյակից ավելի հայեր, որոնցից երկուսը` սիրիական բանակի զինծառայողներ: Մեծ թվով սիրիացիներ լքում են երկիրը եւ հայտնվում են այլ երկրներում փախստականի կարգավիճակով: Վերջին շրջանում երկիրը լքում են նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչները: Հայաստանում փախստականի կարգավիճակ կամ ապաստան ստանալու մասին Սիրիայիցդիմումները քննվում են արագացված ընթացակարգով` առնվազն տասն օրվա ընթացքում: Հայաստանումկացարան ստանալու ակնկալիքով միգրացիոն ծառայություն է դիմել 41 ընտանիք` 76 անդամով, 27 ընտանիք արդեն իսկ ստացել է ժամանակավոր կացարան: