ԵՐԵՎԱՆ,20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Դիլիջանում այս տարի զբոսաշրջիկների մեծ աճ է արձանագրվել: Քաղաքում հանգստանում են աշխարհի բազմաթիվ երկրներից, այդ թվում` Ճապոնիայից և Չինաստանից ժամանած զբոսաշրջիկներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը նշեց, որ արտասահմանցի զբոսաշրջիկների հիմնական մասը սփյուռքահայեր են: «Ներկայում քաղաքում գործող 30-ից ավելի հանգստյան տներում և առողջարաններում ազատ տեղ չկա»,- ասաց քաղաքապետը:
Սանթրոսյանիխոսքով` զբոսաշրջության զարգացմանը նպաստել է քաղաքի հիմնական մայրուղու վերանորոգումը, որն իրականացվել է ՀՀ կառավարության աջակցությամբ: Մեծ ներդրումներ է կատարել նաև մասնավոր հատվածը` կառուցելով հյուրանոցներ, ռեստորաններ, սրճարաններ և հանգստի առանձին գոտիներ: «Քաղաքում շուրջ 40 կմ ճանապարհ է ասֆալտապատվել, փոխվում են ջրագծերը, քաղաքը ճարտարապետական տեսքի է բերվում: Համայնքի միջոցներով կառուցվել է թանգարան-պատկերասրահ, ամֆիթատրոն և շատ այլ շինություններ, ինչն էլ ավելի է զարգացնում զբոսաշրջությունը»,- նշեց Արմեն Սանթրոսյանը:
Դիլիջանի քաղաքապետի տեղեկացմամբ` արդեն անցյալ տարվանից քաղաքի հանգստյան գոտիներում գնային ճկուն քաղաքականություն է գործում և այսօր գիշերելու համար կարելի է վճարել երեքից հինգ հազար դրամ: Այլ ծառայությունների մատուցումն էլ արժե մինչև 180 հազար ՀՀ դրամ:
Դիլիջանի հիմանական խնդիրը եղել են սողանքները, սակայն, ըստ Սանթրոսյանի, այդ ուղղությամբ ևս արդեն աշխատանքներ են տարվում: «Դրենաժային թունելներ են կառուցվում և համոզված կարող եմ ասել, որ հաջորդ տարի այդ խնդիրն այլևս չենք ունենա: Դրանից բացի, քաղաքում կկառուցվի օտար լեզուների ուսուցման կենտրոն»,- ասաց քաղաքապետը: Նա վստահեցնում է, որ քաղաքում իրականացվող շինարարական աշխատանքների ժամանակ ոչ մի ծառահատում չի եղել, և Դիլիջանի անտառները հատուկ հսկողության տակ են գտնվում: Քաղաքապետը շտապում է հավաստիացնել նաեւ, որ վերջին տարիներին Դիլիջանից գրեթե ոչ ոք արտագնա աշխատանքի չի մեկնել:
Նախորդ տարի Դիլիջան են այցելել շուրջ տասնհինգ հազար զբոսաշրջիկներ: Իսկ այս տարի մինչև օգոստոս ամիսն է այդքան մարդ արդեն հյուրընկալվել քաղաքում: Զբոսաշրջիկների 60-70 տոկոսը հայաստանաբնակներ են: