Քաղաքականություն

ԱՄՆ-ը կշարունակի Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ խնդրի կարգավորման ջանքերը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ը կշարունակի Մինսկի խմբի շրջանակներում ԼՂ խնդրի կարգավորման ջանքերը

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող պետություն, հակված է շարունակել աշխատանքը Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ, կայուն և արդարացի լուծման ուղղությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը՝ մեկնաբանելով օրերս Մասաչուսեթս նահանգի Ներկայացուցիչների պալատի կողմից Արցախի անկախությունը սատարող բանաձևի ընդունումը:

Դեսպանատան հայտարարության մեջ միաժամանակ շեշտվում է, որ առանձին նահանգների ընդունած բանաձևերը չեն կարող կանխորոշել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը, սակայն յուրաքանչյուր նահանգ ազատ է այս կամ այն բովանդակությամբ բանաձև ընդունել:

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ներկայացուցիչների պալատնօգոստոսի 6-ինընդունել է Ներկայացուցիչների պալատի անդամ Ջոնաթան Հեչթի հեղինակած բանաձևը, որով ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին կոչ է արվում սատարել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումն ու անկախությունը: Բանաձևը դատապարտում է հայերի կոտորածները Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում, ինչպես նաև բռնարարքները, որ Ադրբեջանը կիրառել է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումը պահանջող խաղաղ ցուցարարների հանդեպ: Փաստաթուղթը շեշտում է, որ Ադրբեջանն իր թշնամական քայլերով ներկայում նույնպես շարունակում է սպառնալ Լեռնային Ղարաբաղի անվտանգությանը: Բանաձևը բարձր է գնահատում, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, չնայած շարունակական բռնություններին, 1991թ. դեկտեմբերի 10-ին համաժողովրդական հանրաքվեի միջոցով քվեարկեց հօգուտ անկախության, ազատության և ժողովրդավարության: Փաստաթուղթը ողջունում է Լեռնային Ղարաբաղի արձանագրած հաջողությունները ժողովրդավարության կառուցման ասպարեզում և այդ առումով մեծ քայլ է գնահատում 2012թ. հուլիսի 19-ին կայացած նախագահական ընտրությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում