Շուշիում վաղ քրիստոնեական դամբարանադաշտ է հայտնաբերվել
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Տիգրանակերտի պեղումների ժամանակ բավականին արժեքավոր գտածոներ են վեր հանվել: Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանի խոսքով` բազիլիկ եկեղեցուն կից հյուսիսային բակում իրականացվող պեղումների ընթացքումշատ մեծ մոնումենտալ կառույց է բացվել, որի բացահայտման ուղղությամբ աշխատանքներ են տարվում: «Պարզ նշմարվում է, որ մոնումենտալ կառույցի հատակը սալապատված է եղել, քանի որ արշավախումբը սալահատակի մի մասն արդեն իսկ բացել է, իսկ կառույցն ամբողջովին տեսնելու համար դեռ աշխատանքներ են տարվում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Պետրոսյանը:
Հնագետը նշում է, որ անտիկ թաղամասում իրականացվող պեղումների ընթացքում մի մեծ բնակելի, տնտեսական համալիր է նշմարվում` շատ հետաքրքիր նյութերով, որոնք ցույց են տալիս մ.թ.ա. եւ մեր թվարկության առաջին դարերում Տիգրանակերտի միջազգային կապերը:«Տիգրանակերտ քաղաքի պեղումների հիմնական նպատակներից է` հյուսիսային պարսպապատին ամրացված թաղամասի ընդարձակումը, քանի որ մինչև հիմա չգիտեն, թե ամրացված թաղամասի մուտքը որտեղից է»,-ասաց նա:
Արշավախմբի ղեկավարն ընդգծում է, որ այս տարի Տիգրանակերտի հնավայրից պեղել են բազմաթիվ զարդեր, խեցեղենի զանազան տեսակներ, ինչպես նաեւ հայտնաբերել են արդեն երրորդ գութանի խուփը: Գտածոները նախ ուսումնասիրություն են անցնում Երեւանի պետական համալսարանի հնագիտության լաբորատորիայում, ապա մշակվելուց, վերականգնվելուց հետո նոր հանձնվում են ԼՂՀ կառավարությանը կից զբոսաշրջության վարչության հատուկ պահադարան:
Հնագետի խոսքով, արշավախումբը ֆինանսավորման հետ կապված խնդիրներ է ունեցել: Ֆինանսավորման ուշացման պատճառով այս տարի Տիգրանակերտում պեղումները տեւելու են ոչ թե 80 օր, ինչպես նախկինում էր, այլ` 50 օր:
Տիգրանակերտի արշավախմբի հնագետներից Վարդգես Սաֆարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Շուշիում վաղ քրիստոնեական դամբարանադաշտ է հայտնաբերվել:«Մեզ համար շատ մեծ է Շուշիի պեղումների կարեւորությունը»,-ասաց նա:
Տիգրանակերտ քաղաքի պեղումները,որոնք վերսկսվել են հունիսի 25-ից, կշարունակվեն մինչ օգոստոսի 21-22-ը եւայս տարի այսքանով կսահմանափակվեն, սակայն օգոստոսին նախատեսվում է պեղումները շարունակել Շուշիում: