6 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանը հանրության համար այցելելի միակ հնագիտական արգելոց-թանգարանն է Երեւանում, ինչպես նաեւ կարեւոր ուրարտագիտական կենտրոնն ամբողջ տարածաշրջանում: Արգիշտի Առաջին արքայի կողմիցմ.թ.ա. 782 թվականինհիմնված Էրեբունիամրոցի հնագիտական ամբողջ հարստությունը դեռ մինչեւ վերջ բացահայտված չէ:
«Հնավայրի տարածքում պարբերաբար պեղումներ են իրականանում թե հայկական, թե միջազգային արշավախմբերի կողմից, սակայն հնավայրի ամբողջ հնագիտական հարստությունն իրականում դեռ բացահայտման փուլում է»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի գիտաշխատող Միքայել Բադալյանը: Թանգարանի մինչեւ վերջ բացահայտված չլինելը մի քանի պատճառներ ունի: Հնավայրի տարածքում առաջին պեղումներն իրականացվել են 1950-ականներին, երբ հնագետների թիվը չէր բավականացնում տարածքը լիովին ուսումնասիրելու համար:«Էրեբունիում մի շարք պեղումներ Խորհրդային տարիներին կատարվել են բավականին սեղմ ժամկետներում, մինչդեռ հայտնի է, որ հնագիտությունը արագություն չի սիրում»,- շարունակում է Բադալյանը:
Ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիսնոր` ուշագրավ մանրամասներ պարզելու հնավայրի քաղաքակրթության վերաբերյալ:Գիտաշխատողը պատմում է, որ տարիներ առաջ գերմանացի աշխարհահռչակ ֆիզիկոս Յորգ Ֆազբինդերի` գեոռադարային` հողի ընդերքում քարերի դասավորությունը ցույց տվող սարքի օգնությամբ պարզվում է, որ թանգարանից դեպի հարավ-արեւելք գտնվող բլրի տակ շուրջ 120 մետր երկարությամբ կառույց կա:
Հնագետնի գնահատմամբ`թանգարանի տնօրենության կողմից հնավայրի պահպանմանն ու վերականգնմանն ուղղված վերջին տարիների աշխատանքները լուրջ քայլ են Էրեբունի հնավայրը աշխարհում հայկական համար մեկ բրենդը դարձնելու ճանապարհին:«Ուրարտական հուշարձանների մեջ Էրեբունին եզակի է. այստեղ թվով 23 սեպագիր արձանագրություններ են գտնվել, ինչը բացառիկ երեւույթ է»,- ընդգծում է հնագետը:
Հայաստանում հնագիտության ապագան կանխորոշված է
Հնագիտությունը փորձում է վերստեղծել մարդկային պատմությունն իր սկզբնավորումից մինչեւ մեր օրերը` ելնելով գոյություն ունեցող նյութական մնացորդներից:Այն հենվում է մարդկային պատմության տարբեր ժամանակաշրջաններում գետնի տակ թողնված առարկաների եւ հետքերի ուսումնասիրման վրա, որոնց մասին գրավոր աղբյուրները համր են կամ ուղղակի բացակայում են:
«Սկզբնապես ստեղծվելով կոլեկցիոներ-գիտնականների կողմից, հնագիտությունն այնուհետ դարձավ գիտական նախաձեռնություն` ճշմարիտ մոտեցում դրսեւորելով մարդկային պատմությանը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը: Առաջին հնագետների հետաքրքրությունը սահմանափակվում էր սոսկ պեղված (փորված-հանված) մնացորդների թվագրմամբ, ինչը նրանց թույլ էր տալիս համեմատել քաղաքակրթությունները եւ սահմանել մարդկության առաջխաղացման էտապները: Հետագայում հնագիտությունը ընդլայնեց իր ուսումնասիրման դաշտը` ընդգրկելով առօրյա կյանքի բոլոր ոլորտները` սոցիալ-տնտեսական, ինչպես նաեւ մարդուն շրջապատող բնական եւ մշակութային միջավայրը: Դրանով է բացատրվում այն մեթոդների բարդությունը, որոնց ապավինում է հնագետը:
Գյուրջյանի հավաստմամբ` խնդիրն այսօր չի վերաբերում սոսկ հուշարձանի կամ առարկայի նկարագրությանն ու թվագրմանը, այլ փորձ է արվում վերհանել մարդկային կյանքին բնորոշ բոլոր կողմերը:«Հնագիտության ապագան կանխորոշված է, եւ այն գնալով զարգացում է ապրում Հայաստանում»,- նշում է գիտաշխատող Բադալյանը` հավելելով, որ արդեն անցյալում են այն ժամանակները, երբ Խորհրդային Միության փլուզումից հետո կային որոշակի ֆինանսական եւ այլ տեսակի խնդիրներ:
Հնագետը համոզված է, որ նոր տեխնոլոգիաների ներդնումն ընդլայնում է հնագիտության հնարավորությունները, իսկ 2011 թվականին ստեղծված «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին առընթեր «Պատանիհնագետի»դպրոցը մեծացնում է հնագիտության հանդեպ հայաստանցիների սերը:
Յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության հազարավոր քաղաքացիներ, ինչպես նաեւ օտարերկրյա զբոսաշրջիկներ են այցելում թանգարան` իրենց ստացած տպավորությունների մասին գրառումներ թողնելով թանգարանի հուշամատյանում: Թանգարանը տարեկան ունենում է շուրջ 15 000 -18 000 այցելու:
«Էրեբունի» թանգարանը հիմնադրվել է 1968 թվականի հոկտեմբերի 19-ին` Երեւան քաղաքի հիմնադրման 2750-րդ տարեդարձի առթիվ:Թանգարանի շենքը կրկնում է ուրարտական պալատական կառույցների հորինվածքը` պահպանելով արտաքին խուլ պատերով ու երդիկավոր հարթ կտուրներով ներքին բակի շուրջ ամփոփված ժողովրդական բնակելի տան տրամաբանական սկզբունքը: 1970 թվականին շենքի նախագիծն արժանացել է ԽՍՀՄ Ճարտարապետների միության դիպլոմի: Կառույցի հեղինակներն են` ճարտարապետներ Շմավոն Ազատյանն ու Բաղդասար Արզումանյանը, քանդակագործը` ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Արա Հարությունյանը:
Հեղինակ Տաթեւիկ Գրիգորյան