Հասարակական

Երիտասարդական զբոսաշրջությունը զարգացնելու ծրագիր է մշակվում

3 րոպեի ընթերցում

Երիտասարդական զբոսաշրջությունը զարգացնելու ծրագիր է մշակվում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում աշնանը կձևավորվի տուրսիտական գիտական արշավախումբ: ՆախաձեռնությունըՏուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանն է. ծրագիրն առայժմ կիրականացվի միայն ռուսների հետ: «Սա կլինի Հայաստան-Ռուսաստան երիտասարդական զբոսաշրջություն: Քանի որ այսօր մեր երկրում չկա երտասարդական, պատանեկան զբոսաշրջություն, մենք որոշեցինք այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկել և ծրագիրն այժմ նախապատրաստական փուլում է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանը: Նրա կարծիքով` Հայաստանում պետք է փոխել զբոսաշրջության մոտեցումները և որ ամենակարևորն է` տուրիստական ապրանք ստեղծել այն մարդկանց համար, ում ֆիզիկական հնարավորությունները սահմանափակ են:

Ծրագիրը կմեկնարկի այս տարվա սեպտեմբերի 30-ին և կտևի մինչ հոկտեմբերի 9-ը: Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի և Հայաստանում ռուսական խոշոր ձեռնարկությունների աջակցությամբ զբոսաշրջության նպատակով հայ երիտասարդների մի խումբ կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, և ռուս երիտասարդներն էլ հնարավորություն կունենան այցելելու Հայաստան: Այս կերպ նախագծի հեղինակները կփորձեն զարգացնել երիտասարդական զբոսաշրջությունը:

Ոչ պակաս կարևոր խնդիր է նաև զբոսաշրջության ոլորտում որակյալ մասնագետների պակասը: «Առանց ինքներս մեր երկիրը լավ ճանաչելու, մենք չենք կարող ճիշտ ձևով ներկայանալ աշխարհին: Ուղեկիցները պետք է այնքան խելացի և տեղեկացված լինեն, որ զբոսաշրջիկները գոհ հեռանան և դեռ կրկին այցելելու ցանկություն ունենան»,- նշեց Ռոբերտ Մինասյանը:

Ինստիտուտի ռեկտորը նաև զբոսաշրջությունն ավելի հետաքրքիր դարձնելու տարբերակներ է առաջարկում. «Կան երկրներ, որտեղ լոլիկի, գարեջրի փառատոններ են անցկացվում: Մեր երկրում, օրինակ, կարելի է ծիրանի կամ սուջուխի փառատոն կազմակերպել, որ մարդկանց հետաքրքրի լինի դրանց մասնակցելը. միայն ասելով, թե մեր երկիրը լավն է, արդյունքի չենք հասնի»:

Ծրագրին աջակցություն ցուցաբերելու նպատակով հեղինակները պլանավորում են դիմել նաև այլ կառույցների: ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ևս խոստացել է համապատասխան աջակցություն ցուցաբերել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում