Հայ ծանրամարտիկների անհաջողությունը հոգեբանական էր. ֆեդերացիայի փոխնախագահ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ , ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի 69կգ քաշային ծանրորդներ Առաքել Միրզոյանի եւ Մելինե Դալուզյանի անհաջող ելույթները Լոնդոնի օլիմպիական խաղերում կարելի Է բացատրել միայն հոգեբանական գործոնով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ, միջազգային կարգի մրցավար, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վանդոս Ղարագյոզյանը:
Մասնագետի խոսքով, այդ ելույթները որեւէ տրամաբանական բացատրություն չունեն, քանի որ ուսումնամարզական հավաքների ժամանակ ամեն ինչ ընթացել է նորմալ, ծրագրային ռեժիմով եւ որեւե խնդիր չի նկատվել:
Ղարագյոզյանը Հայաստանի մարզիկների ելույթներն օլիմպիական խաղերին բնութագրում է «շատ անհաջող» : «Մնում Է հուսալ, որ մեր մյուս մարզիկները, այդ թվում՝ երեք ծանրամարտիկներն ի վիճակի կլինեն շտկելու այս վիճակը»,-ասաց նա:
Սպորտի վաստակավոր գործիչը համոզված է, որ մեր հավաքական թիմերը, առավել եւս օլիմպիական խաղերի ժամանակ, պարտադիր կերպով պրոֆեսիոնալ հոգեբանի կարիք ունեն: