Արցախի նախագահն ընդունել է «Հակոբ Գյուրջյան» քանդակագործության սիմպոզիումի մասնակիցներին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 23-ին ընդունել է «Հակոբ Գյուրջյան» քանդակագործության միջազգային երկրորդ սիմպոզիումի մասնակիցներին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը քանդակագործների հետ քննարկել է Արցախում մշակույթի զարգացման հետ կապված մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը մշակութային նման կարեւոր միջոցառումը նշանակալի է համարել մեր հանրապետության կյանքում՝ գոհունակություն հայտնելով, որ այն արդեն դարձել է ավանդական:
Բակո Սահակյանը նշել է, որ դա հիանալի առիթ է մշակույթների երկխոսության եւ ներթափանցման համար, ինչը մեծապես նպաստում է մարդասիրական արժեքների պահպանմանը եւ փոխադարձ հարգանքի մթնոլորտի ձեւավորմանը, ինչպես նաեւ Արցախը տարբեր երկրների կողմից ճանաչելի դարձնելու գործընթացին:
Հանդիպմանը մասնակցում էին մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք: