ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում հուլիսի 20-ին հայազգի քաղաքացի է սպանվել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Նրա խոսքով`մահվան պատճառները դեռ հայտնի չեն:
Սպանվածը 48-ամյա Անդրանիկ Արզվալջյանն է, ով մասնագիտությամբ ոսկերիչ էր:
Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանություն կազմակերպության տվյալներով` Սիրիայում 16 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 17 հազար 192 մարդ: Համաձայն արաբական լրատվամիջոցների`զոհվածների մեջ 11 հազար 897-ը խաղաղ քաղաքացիներ են, իսկ 4348-ն`անվտանգության աշխատակիցներ: Զոհերի թվում են եղել նաեւ 6 հայ, որոնցից 2-ը սիրիական բանակի զինծառայողներ են եղել: Սիրիայում տիրող անկարգությունների հետևանքով մեծ թվով սիրիացիներ լքում են երկիրը` հայտնվելով այլ երկրներում փախստականի կարգավճակով: Վերջին շրջանում երկիրը լքում են նաեւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչները: Հայաստանում փախստականի կարգավիճակ կամ ապաստան ստանալու մասին Սիրիայիցդիմումները քննվում են արագացված ընթացակարգով` առնվազն տասն օրվա ընթացքում: