ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար, գեներալ Հիշամ Իխտիյարը հուլիսի 20-ին մահացել է Դամասկոսի հիվանդանոցում` ԱԱԾ-ի շենքում կազմակերպված ահաբեկչական հարձակման հետեւանքով ստացած վերքերից: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով BBC-ն, գեներալի մահվան կապակցությամբ ցավակցությունն է հայտնել «ԲԱԱՍ» կուսակցության ղեկավարությունը:
71-ամյա Իխտիյարը ղեկավարել է ծառայություն, որը զբաղվում է հանցավորության դեմ պայքարի, այլախոհության վերահսկողության, քաղաքական հետաքննության հարցերով:
Հուլիսի 18-ին Ազգային անվտանգության շենքի մոտ տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվել են նաեւ Սիրիայի պաշտպանության նախարար Դավուդ Ռաջիհանը եւ երեք պաշտոնյաներ:
Սիրիայում 16 ամիս շարունակվող բախումների հետեւանքով զոհվել է 17 հազար 192 մարդ: Այս մասին հայտնել է Սիրիայում մարդու իրավունքների պաշտպանություն կազմակերպությունը: Համաձայն արաբական լրատվամիջոցների`զոհվածների մեջ 11 հազար 897-ը խաղաղ քաղաքացիներ են, իսկ 4348-ն`անվտանգության աշխատակիցներ: Զոհերի թվում են եղել նաեւ 6 հայ, որոնցից 2-ը սիրիական բանակի զինծառայողներ են եղել: