Կարծիքներ

Արցախի ընտրություններում դիտորդների ներկայությունը միտված է ԼՂՀ անկախության ճանաչմանը

4 րոպեի ընթերցում

Արցախի ընտրություններում դիտորդների ներկայությունը միտված է ԼՂՀ անկախության ճանաչմանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հուլիսի 19-ին անցկացված նախագահի ընտրությունները շատ կարեւոր նշանակություն ունեն, քանի որ դրանք ցույց են տալիս, որ ժողովրդավարության զարգացման առումով ԼՂՀ-ն մի քանի քայլ առաջ է Ադրբեջանից: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը` նշելով, որ բանակցային գործընթացի համար եւս էական է, որ այդ ընտրությունների արդյունքում ձեւավորվի լեգիտիմ իշխանություն: «Աշխարհը պետք է ըմբռնի, որ շատ ավելի լեգիտիմ եւ ժողովրդավար իշխանություն ունեցող Ղարաբաղի Հանրապետությունը չի կարող ենթարկվել ավտորիտար իշխանություն ունեցող պետությանը: Ադրբեջանին այս ընտրությունները հետաքրքիր են այնքանով, որ միջազգային կառույցները չակտիվանան եւ հետաքրքրություն չառաջանա բանակցային գործընթացի նկատմամբ»,-ասաց նա: Քաղաքագետը համոզված է, որ Արցախի այս ընտրությունները շատ ավելի դեմոկրատական են, քան Ադրբեջանի ընտրությունները:

Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովի կարծիքով` Արցախի նախագահի ընտրությունները տվյալ պահին չեն կարող ազդեցություն ունենալ բանակցությունների կարգավորման գործընթացի վրա:

«Միակ բանը, որը կարելի է ասել այն է, որ ընտրությունների կազմակերպումը մի կողմից Ադրբեջանում ստեղծում է ոչ ադեկվատ ռեակցիա` կապված քաղաքական գործընթացի հետ, մյուս կողմից` հինգերորդ նախագահի ընտրություններն ապացուցում են, որ պետությունում ձեւավորվել եւ կայունանում է անկախ պետական համակարգը, քաղաքական ինստիտուտները: Երկրում ցանկացած գործընթաց դառնում է հասարակական, ներքաղաքական կյանքի անբաժանելի եւ տրամաբանական հիմքը»,-շեշտեց Մարգարովը: Քաղաքագետը նշեց, որ պետականություն հռչակած, եւ այն պահպանած ժողովուրդը շարունակում է իր բնականոն առօրյան ու քաղաքական կյանքը:

Ինչ վերաբերում է Արցախի նախագահի ընտրությունների վերաբերյալԵվրոպական միության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հայտարարությանը, ապա Մարգարովի խոսքով, ԵՄ-ի դերը`ուղղված հակամարտության կարգավորմանը,«կարող է ողջունելիլինել, եւ ակնկալվում է, որ այդ դերը կառուցողական պետք է լինի»:«Սակայն բանակցային գործընթացն այս պահին տեղի է ունենում մեկ այլ` համանախագահակների ձեւաչափի մեջ, որը բոլորի կողմից ճանաչված է, իսկ այդ բարդ եւ երկարատեւ գործընթացում ակնկալվում է Եվրամիության օժանդակումը: Հետեւաբար` ցանկացած հայտարարություն պետք է դիտվի այն տեսանկյունից` արդյոք քաղաքական ծանրակշիռ դերակատարների հայտարարությունները դրական կարող են ազդել հետագա բանակցային գործընթացի, կարգավորման եւ այն կողմի վրա, որը նույնիսկ պատրաստ չէ քայլեր անելու եւ դրական արձագանքելու` ռազմատենչ հայտարարություններին եւ ուժի կիրառմանը վերջ դնելու կոչերին»,-շեշտեց Մարգարովը: Իսկ քաղաքագետ Բոզոյանը տրամաբանական եւ բնական է համարում նման հայտարարությունը ԵՄ-ի կողմից: «Շատ կարեւոր է, որ չճանաչելով ընտրությունների արդյունքները, դիտորդներ են ուղարկում այս ընտրություններին, որը քողարկված իմաստով, ճանաչման էլեմենտ է: Մեծ ակնկալիք չկա, որ ԵՄ-ն միանգամից կճանաչի Ղարաբաղի անկախությունը, սակայն հետագայում կարելի է ակնկալել եւ այդպիսի հայտարարություններ»,-ասաց Բոզոյանը:

Եվրոպական միության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը ԼՂՀ -ում անցկացվող նախագահական ընտրությունների վերաբերյալ հայտարարություն էր տարածել, որում նշված էր, որ ԵՄ-ն չի ճանաչում այն սահմանադրական եւ օրինական շրջանակները, որում անցկացվում են այդ ընտրությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում