Սփյուռք

Սփյուռքի նախարարը «Կոմիտաս» մեդալով է պարգեւատրել լոսանջելեսյան հայկական պարախմբի ղեկավարին

2 րոպեի ընթերցում

Սփյուռքի նախարարը «Կոմիտաս» մեդալով է պարգեւատրել լոսանջելեսյան հայկական պարախմբի ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հուլիսի 18-ին ընդունել է Լոս Անջելեսի «Հայաստան» պարախմբի գեղարվեստական ղեկավար Արման Վարդանյանին և նրա կնոջը` պարախմբի գլխավոր պարուսույց Նաիրա Վարդանյանին: «Հայաստան» պարախումբը մասնակցել է «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի «Պարարվեստի օրերին»:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարությունից, նախարար Հրանուշ Հակոբյանը, ողջունելով հյուրերին, կարևորել է նրանց հայապահպան գործունեությունը Սփյուռքում և մասնակցությունը Հայրենիքում տեղի ունեցող միջոցառումներին:

Վարդանյանը, շնորհակալություն հայտնելով Հայրենիքում ջերմ ընդունելության համար, նշել է, որ իրենք երեխաներին բացի պարից սովորեցնում են նաև հայոց լեզու և պարախմբի բոլոր մասնակիցները խոսում են հայերեն: Նա տեղեկացրեց նաև, որ այս տարի դեկտեմբերին լրանալու է իրենց պարախմբի հիմնադրման 15-ամյակը, իսկ հաջորդ տարի Լոս Անջելեսում պատրաստվում են տեղի հայկական պարախմբերի հետ համատեղ կազմակերպել Երևանի վերաբերյալ պարային բեմադրություն:

Հուլիսի 15-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայացած «Հայաստան» պարախմբի համերգին նախարար Հակոբյանը Վարդանյանին պարգևատրել է ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով` ազգանվեր գործունեության, հայ պարարվեստին անմնացորդ նվիրումի, հայկական մշակութային արժեքների պահպանման ու տարածման գործում ունեցած ներդրման համար:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում