ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատունը տարհանելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Տիգրան Բալայանը:
«Այն թաղամասում, որտեղ տեղակայված է մեր դեսպանատունը, իրավիճակը համեմատաբար հանգիստ է, եւ այն շարունակում է իր աշխատանքը բնականոն կերպով: Դեսպանատունը էվակուացնելու մասին քննարկում անգամ չի եղել»,-տեղեկացրեց Բալայանը:
Սոցիալական ցանցերում հուլիսի 17-ին տեղեկատվություն էր տարածվել, թե Սիրիայում շարունակվող անկարգությունների հետեւանքով ՀՀ դեսպանատունը տարհանվելու է:
Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչ Նազարեթ Էլմաջյանը, հուլիսի 17-ին, «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել էր, որ աճել է լարվածություն մայրաքաղաքի արվարձաններում, որտեղ զինյալների թիվը զգալիորեն շատացել է: Քաղաքի կենտրոնական հատվածում, ըստ Էլմաջյանի, դեռևս խնդիրներ չկան: Ընդհանուր առմամբ, ըստ Էլմաջյանի, Դամասկոսում իրավիճակը հսկողության տակ է:
Սիրիական պաշտոնական SANA գործակալությունը հայտնում է, որ երկրի հատուկ ծառայության ուժերը Միդան, Նհար Աիշա, Աթ Թադամեն թաղամասերում շարունակում են հակաահաբեկչական գործողությունները: Ըստ գործակալության, ապստամբ խմբավորումները զգալի կորուստներ ունեն: Մինչդեռ միջազգային լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Դամասկոսում պայթյունները եւ կրակոցները չեն դադարում:
CNN-ը, վկայակոչելով ապստամբների մամլո խոսնակին, հայտնել է, որ ընդդիմադիրներ նպատակ ունեն սկսել Դամասկոսի դեմ վճռական գրոհը: Ապստամբները հայտարարել են, որ Դամասկոսում վերահսկում են երկու թաղամաս` հարավային հատվածում Միդանը, իսկ արեւելյան հատվածում` Աթ Թադամունը: Նրանք իրենց թիրախի տակ են առել վարչական շինությունները, փակել գլխավոր մայրուղիները, որպեսզի դադարեցնեն զորքի շարժումը` կոչ անելով զինվորներին անցնել իրենց կողմը: Սիրիայում արդեն 16 ամիս շարունակվող բախումները կառավարական ուժերի եւ ընդդիմադիրների միջեւ չեն դադարում. իրադրությունը հատկապես լարված է թուրք-սիրիական եւ լիբանանասիրիական սահմանի մոտակայքում: