«Արմավիա»-ն տոմսերի գները չի բարձրացրել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ավիաընկերությունում տոմսերի գների բարձրացում չի արձանագրվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ավիաընկերությունից, վերջին երկու ամիսներին Հայաստանից մեկնող ինքնաթիռների տոմսերի գներն էականորեն չեն փոխվել:
«Թանկացումներ եղել են միայն հինգ հարյուրից երկու հազար դրամի սահմաններում, ինչի պատճառը եվրոյի փոխարժեքի տատանումն է»,- հայտնեցին ավիաընկերության կոմերցիոն բաժնից:Այս ամռանը Հայաստանից ամենաշատը մեկնել են Մոսկվա, Կրասնոդար, Սիմֆերոպոլ, Բարսելոնա: Այս ուղղություններով ևս տոմսերի թանկացումներ չեն արձանագրվել:
«Արմավիա»-ն ժխտում է նաեւ այնշրջանառվող լուրերը, համաձայն որոնց` Սիրիայից Հայաստան ժամանող ինքնաթիռի տոմսերը թանկացել են, և սիրիահայերը նախընտրում են տարանցիկ ճանապարհներով գալ հայրենիք: Ներկայում Հալեպ-Երևան չվերթի տոմսն արժե 118 600-ից մինչեւ 210 300 դրամ: Շաբաթական իրականացվում է միայն մեկ չվերթ` երկուշաբթի օրերին:
Մի քանի ամիս «Արմավիա»-ն դադարեցրել էր չվերթները դեպի Սիրիա` դադարեցումը պատճառաբանելով այնտեղ տիրող ներքաղաքական բարդ իրավիճակով: Երեւան-Հալեպ չվերթը վերաբացվել է միայն հուլիսի 9-ին: