Հասարակական

Independent-ը պատմել է Բրիտանիայի Հայոց ցեղասպանության վերջին ականատեսի մասին

2 րոպեի ընթերցում

Independent-ը պատմել է Բրիտանիայի Հայոց ցեղասպանության վերջին ականատեսի մասին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանական հայտնի Independent պարբերականն իր հոդվածում անդրադարձել է Մեծ Բրիտանիայի` Հայոց ցեղասպանությունից փրկված վերջին հայի` Աստրիդ Աղաջանյանի կյանքի պատմությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` հայուհու ընտանիքը մեկն էր այն միլիոնավոր ընտանիքներից, ովքեր տուժեցին Օսմանյան կայսրությունում 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժամանակ:

Հոր սպանությունից հետո Աստրիդը մոր և մանկահասակ եղբոր հետ քշվում է Դեր-Զորի անապատ, որտեղ թուրք սպաներից մեկն առաջարկում է Աստրիդի մորը երեխաներին տալ իրեն` խոստանալով չվնասել նրանցև տեղավորել որբանոցում: Ի տարբերություն շատ ուրիշ մայրերի, որոնք հավատում են թուրք սպային, Աստրիդի մայրը հրաժարվում է: Հետագայում պարզվում է, որ սպային վստահված բոլոր երեխաներին թուրքերն այրում են: Որոշ ժամանակ անց Աստրիդին և նրա մորը հաջողվում է փախչել թուրքերից: Նրանք երկար ժամանակ շրջում են անապատում: Ի վերջո, Աղաջանյան ընտանիքի անդամներին փրկում է մեկ այլ թուրք սպա, ում միջոցով նրանք հասնում են Հալեպ: Հենց այստեղ էլ հայ ընտանիքը փնտրում եւ գտնում է իրենց բարեկամներին: Աստրիդի մայրը երկրորդ անգամ է ամուսնանում է: Խորթ հայրն աղջկա անունը Էլենից վերափոխում է Աստրիդի (հայկական Աստղիկ):

Հետագա տարիների ընթացքում Ցեղասպանության ականատեսը տեղափոխվում է Պաղեստին, այնուհետեւ Կիպրոս և ի վերջո, իր հանգրվանը գտնում է Մեծ Բրիտանիայում: Աստրիդը հայտնի է որպես Բրիտանիայում Հայոց ցեղասպանության վերջին ականատես: Նա իր կյանքը մշտապեսնմանեցնում էր սարդերի կյանքին` ասելով. «Դու կարող ես քանդել սարդերի տունը, բայց նա կրկին կվերականգնի այն»:

«Աստրիդը մշտապես կհիշվի իր հյուրընկալության, ստեղծարարության, համառ հոգու և առաջնահերթ անհավատալի ճկունության համար` ի հեճուկս բոլոր ձախորդությունների»,- եզրափակում է հոդվածագիրը:

1913 թվականին ծնված Աստրիդ Աղաջանյանը մահացել է 2012 թվականի մայիսի 11–ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում