ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական Սփյուռքի կենսագործունեության կազմակերպման հարցում դեսպանատներից, հյուպատոսություններից, միջազգային կառույցներից բացի մեծ նշանակություն ունեն նաեւ մշակութային ընկերությունները, հասարակական կազմակերպությունները, որոնք յուրատեսակ համախմբող դեր են ստանձնել: Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերի Հայաստան կատարած այցի շրջանակներում երկու երկրների միջեւ մշակութային կապերի մասին«Արմենպրես»-ը զրուցեց Ավստրո-հայկական մշակութային ընկերության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ավստրիայի մասնաճյուղի կոմիտեի անդամ Ռազմիկ Թամրազյանի հետ:
-Պարո' ն Թամրազյան, ինչպե՞ ս եք գնահատում հայ-ավստրիական մշակութային կապերի եւ համագործակցության ներկայիս մակարդակը:
-Հայ-ավստրիական ներկայիս մշակութային կապերի եւ համագործակցության մակարդակը պայմանավորված է ավելի շատ մասնավոր կազմակերպությունների ջանքերով, քան միջպետական գործունեությամբ` չնայած ճիշտ չի լինի ընդհանրապես բացառել միջպետական մասնակցությունն այդ հարցերում:
-Ինչքանո՞ վ է ներկայացված եւ ներկայանալի հայկական մշակույթնԱվստրիայում:
-Հայկական մշակույթն Ավստրիայում ներկայացված է սկսած 17-րդ դարից եւ շարունակում է մինչեւ այսօր` Հայկական ազգային կազմակերպությունների, Հայ առաքելական եկեղեցու Մխիթարյան միաբանության, անհատ ազգայինների եւ մտավորական մշակութային գործիչների ջանքերով: Հայկական հոգեւոր արժեքների պահպանման եւ հայագիտության ուսումնասիրության ոլորտում գիտակրթական կարեւոր կենտրոն է Վիեննայի Մխիթարյան միաբանությունը, որի վանքը ներառյալ իր հարուստ թանգարան-մատենադարանը եւ եկեղեցին գտնվում են Վիեննայում: Միաբանության մատենադարանում պահվում են շուրջ 2 600 հայերեն ձեռագրեր, հայ պարբերական մամուլի հարուստ, ինչպես նաեւ հայկական մետաղադրամների ճոխ հավաքածուներ: Միաբանությանն է պատկանում նաեւ հազվագյուտ ցուցանմուշներով հարուստ թանգարանը:
-Տեղի հայ համայնքն ի՞նչ առանձնահատկություններ, ակտիվություն եւ ներգրավվածություն ունի մշակութային կյանքում:
-Տեղի հայ համայնքի անդամները մասնակցությունն են բերում իրենց նախասիրած մշակութային բնագավառում եւ իրենց պատկանող կազմակերպությունների շրջանակներում: Կազմակերպվում են բազմապիսի հանդեսներ, համերգներ, դասախոսություններ, ցուցահանդեսներ, կինոնկարների ցուցադրություններ, հոբելյանական երեկոներ եւ այլն: Հայերի թիվն այսօր Ավստրիայում, մեր տվյալների համաձայն, 3000- 5500 է: Բացարձակ մեծամասնությունը բնակվում է մայրաքաղաք Վիեննայում եւ արվարձաններում, փոքրաթիվ քանակությամբ հայեր հաստատվել են Գրաց, Զալցբուրգ, Լինց եւ Իննըսբրուք քաղաքներում:
-Ավստրիայի Հանրապետության նախագահ Հայնց Ֆիշերի Հայաստան կատարած այցից ի՞նչ սպասելիքներ ունեք:
-Վստահաբար ավստրիահայերը սպասելիքներ եւ հույսեր ունեն, որ այցի ժամանակ, տնտեսական համագործակցության պայմանագրերի ստորագրումից բացի, կլինեն նաեւ մշակութային լայն համագործակցության պայմանավորվածություններ:
-Ի՞նչ խնդիրներ կան, որոնց լուծմանն եք սպասում:
-Խնդիրները նման են Սփյուռքի այլ համայնքների խնդիրներին, որոնք ոչ թե լուծման են սպասում, այլ միասնական ջանքերով առաջ տանելիք աշխատանքների: Իսկ այդ խնդիրները հետեւյալներն են` հայապահպանում, երիտասարդներին ազգային գիտակցությամբ դաստիարակում, Հայոց լեզվի ուսուցանում, Հայ մշակույթի արժեքների հետ ծանոթացում:
-Առաջիկայում ի՞նչ ծրագրեր եք պատրաստվում իրականացնել:
-1915 թ-ին թուրքերի կողմից իրականացված Հայոց ցեղասպանության` Եղեռնի 100-ամյակին ընդառաջ ձեռնարկների կազմակերպում, Ավստրիայի նախագահի այցելության առիթից օգտվելով` Ավստրիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում:
Հարցազրույցը` Արուսիկ Զախարյանի