Սեւծովյան բանկի կառավարիչների խորհրդի անդամների տարեկան ժողովը կանցկացվի Երեւանում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առեւտրի եւ զարգացման սեւծովյան բանկի (ԱԶՍԲ)կառավարիչների խորհրդի անդամների տարեկան ժողովը տեղի կունենա հունիսի 24-ին Երեւանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հունիսի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ բանկի նախագահ Անդրեյ Կոնդակովը տեղեկացրեց, որ խորհրդի անդամները հանդիպելու են` միջնաժամկետ ռազմավարության եւ բիզնես պլանի իրականացումը 2011-2014 թվականների ընթացքում վերանայելու նպատակով: «Քննարկելու ենք նաեւ մարտահրավերները, որոնց դեմ գլոբալ անորոշության ներկայիս միջավայրում պայքարում է ԱԶՍԲ-նեւ ուղղություն ենք ցույց տալու ռազմավարական առաջնահերթությունների եւ ռեսուրսների մոբիլիզացման վերաբերյալ` նպատակ ունենալով ապահովել տարածաշրջանում բանկի մանդատի զարգացման հաջող իրականացումը»,- ասաց Կոնդակովը:
Տարեկան ժողովի շրջանակներում ԱԶՍԲ-ն` ՀՀ կենտրոնական բանկի հետ համատեղ, կկազմակերպի բիզնես ֆորում` «Հայաստան. աճի եւ միջազգային փորձի հնարավորություններ» խորագրով:
ԱԶՍԲ-ն միջազգային ֆինանսական հաստատություն է, որը հիմնադրել են Ալբանիան, Հայաստանը, Ադրբեջանը, Բուլղարիան, Վրաստանը, Հունաստանը, Ռումինիան, Ռուսաստանը, Թուրքիան եւ Ուկրաինան: Բանկի կանոնադրական կապիտալը մոտ 3.3 մլրդ եվրո է: