Էդուարդ Մարգարով. «Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում մեր հավաքականը ոչ մեկին միավորներ չի նվիրելու»
8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեգենդար հայ ֆուտբոլիստ եւ անվանի մարզիչ, Երեւանի «Արարատի» եւ ԽՍՀՄ ֆուտբոլի հավաքականի առաջատար խաղացող Էդուարդ Մարգարովի 70-ամյա հոբելյանը կնշվի հունիսի 20-ին: Մարգարովը ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Է, ՀՀ վաստակավոր մարզիչ, 1966 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, ԽՍՀՄ-ի չեմպիոն՝ 1973թ., արծաթե մեդալակիր՝ 1971թ., ԽՍՀՄ գավաթակիր՝ 1973 եւ 1975թթ., 1962 թվականի ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնության լավագույն ռմբարկու՝ 16 գնդակ: Նա 1973 թվականին ճանաչվել Է ԽՍՀՄ համար 2, 1971 եւ 1975թթ.՝ համար 3 խաղացողը: Խաղադաշտում նա անց է կացրել շուրջ 400 հանդիպում: Հոբելյանի առիթով Մարգարովի հետ զրուցել է «Արմենպրես» -ի թղթակիցը:
-Պարոն Մարգարով, թույլ տվեք առաջին հերթին շնորհավորել Ձեզ 70-ամյա հոբելյանի առիթով: Դուք շարունակում եք մնալ ֆուտբոլում: Կարո՞ղ եք համեմատել Ձեր սերնդի եւ ժամանակակից ֆուտբոլը:
-Շնորհակալություն: Ես ուրախ եմ, որ կարողացել եմ հաճելի պահեր նվիրել մեր երկրպագուներին խաղադաշտում, կարողացել եմ ինձ արտահայտել ֆուտբոլում: Ինչ վերաբերում Է համեմատությանը, ճիշտն ասած, դրանք լրիվ տարբեր ֆուտբոլներ են` իրենց խաղաոճով, խաղադաշտում կատարած աշխատանքով, արագություններով: Ամեն ինչ իր ժամանակն ունի, այդ թվում եւ ֆուտբոլը:
-Ֆուտբոլում Դուք հասել եք շատ բարձունքների, 1992 թվականին անցկացված հարցման արդյունքում արժանացել եք Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստի կոչմանը, ինչի՞ մասին եք երազում այսօր:
-Վերջին տարիներին Հայաստանի ֆուտբոլում նկատվում Է առաջընթաց: Երկար տարիներից հետո մեր ֆուտբոլի ազգային հավաքականը կարողացել Է իրեն լավագույնս դրսեւորել միջազգային խաղերում, իսկ ակումբները՝ «Փյունիկ»-ը, «Բանանց»-ը, «Միկա»-ն եւ մյուսները ուժեղանում են, մեր խաղացողներ Հենրիկ Մխիթարյանը, Մարկոս Պիզելլին, Յուրա Մովսիսյանը հրավիրվել են ճանաչված ակումբներ: Սա իմ երազանքն Էր, որ սկսեց իրականանալ: Մենք շատ տարիներ ենք կորցրել, երբ երկրի առաջատար ֆուտբոլիստները հեռացան սպորտից, իսկ նրանց փոխարինող հերթափոխ գրեթե չկար, բացակայում Էին մարզադպրոցները, մասնագետներ, երկրի տնտեսական վիճակը շատ բարդ Էր: Մեր ֆուտբոլը, երկրի հավաքական թիմերը թույլ Էին: Այժմ պատկերը փոխվել Է՝ Հայաստանում գործում Է ֆուտբոլային լիարժեք համակարգ՝ ակումբները ձգտում են աշխատել միջազգային չափանիշերով, քաղաքակրթվել: Նրանք ունեն որակյալ նյութատեխնիկական բազաներ եւ մարզադպրոցներ, եւ այս գործընթացը շարունակվում Է:
-Բայց առայժմ ակումբային մակարդակով Հայաստանի ֆուտբոլն առանձնապես աչքի չի ընկնում, ի՞նչ Է անհրաժեշտ իրավիճակը շտկելու համար, ըստ Ձեզ:
-Ժամանակ եւ համբերություն: Մենք այսօր ունենք առաջընթաց. աճում են ֆուտբոլիստները, մարզիչները, ՀՀ ֆուտբոլի հավաքականն իր մրցակիցներին ստիպել Է իր հետ հաշվի նստել` զբաղեցնելով 3-րդ տեղը եվրոպական ընտրական մրցաշարում եւ լավ հեռանկար ունի 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում: Մեր ֆուտբոլիստները տեղափոխվում են Ռուսաստանի եւ Ուկրաինայի անվանի ակումբներ` տեղ բացելով նոր սերնդի համար: Հուսով եմ` շուտով հայ խաղացողները կհագնեն Եվրոպայի ավելի ուժեղ թիմերի համազգեստը: Մեր ակումբները եվրագավաթներում առայժմ հաջողության չեն հասել, բայց դա ժամանակի խնդիր Է:
Նշեմ, որ բարձրացել Է մեր երիտասարդական եւ պատանեկան ֆուտբոլի մակարդակը, «Միկա»-ի մանկապատանեկան մարզադպրոցում, որտեղ ես եմ տնօրենը, արդեն նկատել ենք որոշ շատ հետաքրքիր պատանիների, նույնը նկատվում Է եւ մյուս ակումբներում: Տասնմեկ տարիքային կարգերից մենք աշխատում ենք 6-ում, այսօր ֆուտբոլի հանդեպ ուշադրությունն այլ Է, իսկ հաղթանակներ անպայման կլինեն. ազգային հավաքականը դրա օրինակն Է: Ուշադրություն դարձրեք՝ հավաքականի ֆուտբոլիստները վերջերս են սկսել հաջող խաղալ միջազգային մրցումներում, բայց նրանց հոգեբանությունն արդեն փոխվել Է. նրանք պատրաստ են խաղալ ցանկացած մրցակցի՝ Իտալիայի, Դանիայի, Չեխիայի հետ եւ հաղթել նրանց, ինչպես ժամանակին մենք՝ արարատցիներս Էինք հաղթում մրցակիցրներին: Սա հաղթանակի հոգեբանություն Է:
-Երկար տարիներից հետո ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականը գլխավորել Է մեր տեղական մարզիչը՝ Վարդան Մինասյանը: Ի՞նչ կարծիք ունեք նրա մասին:
-ՀՀ ֆուտբոլի հավաքականի հաջողությունները Մինասյանի աշխատանքի անմիջական արդյունքն են: Ի դեպ, ասեմ, որ նա կարողացել Է իր նախորդներից վերցնել այն լավագույնը, որը Հայաստանում աշխատած արտասահմանյան մարզիչներն ունեցել են, հաջողությամբ կիրառել Է նրանց փորձը: Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում մեր հավաքականը ոչ մեկին միավորներ չի նվիրելու: Նշեմ նաեւ, որ մեր ֆուտբոլում պետք Է աշխատեն եւ խաղան միայն այն մարզիչներն ու ֆուտբոլիստները, որոնք մեզ իրոք անհրաժեշտ են, մենք կարիք չունենք միջին կարգի լեգեոներների:
-Դուք շատ հարուստ մարզական կենսագրություն ունեք: Ի՞նչ կմաղթեք մեր ֆուտբոլիստներին, որոնց համար Դուք լեգենդ եք:
-Կցանկանամ, որ մենք հարուստ կենսագրությամբ շատ խաղացողներ ունենանք: Մենք ժամանակին խաղում Էինք 50, 70, 100 հազար հանդիսատեսի առջեւ եւ ուղղակի իրավունք չունեինք վատ խաղալ: Շատ եմ ցանկանում, որպեսզի այդ պատկերը կրկնվի, եւ մեր ֆուտբոլիստները խաղան բազմահազար մարզասերների առջեւ եւ արժանի հաղթանակներ տոնեն: Նախկին ԽՍՀՄ-ում Հայաստանի պատանի ֆուտբոլիստները միշտ հաղթում կամ մրցանակային տեղեր Էին զբաղեցնում միութենական մրցումներում՝ «Կաշվե գնդակ» եւ շատ ուրիշներ: Պետք Է վերադարձնել բարի ավանդույթը:
-Իսկ մարզչական աշխատանքը Ձեզ չի՞ ձգել-Գիտեք, դա շատ ծանր աշխատանք Է, որը մշտական ինքնազոհաբերություն Է պահանջում: Երեւի իմ տարիքն Էլ այլ Է: Բայց ես միշտ պատրաստ եմ օգտակար լինել հայկական ֆուտբոլին իմ գիտելիքներով, փորձով, խորհուրդներով:
-Ձեր մարզական անցյալը բացառիկ հարուստ Էր, կկարողանաք ինչ-որ բան առանձնացնել` վերհիշելով բազմաթիվ հանդիպումները տարբեր երկրների խաղադաշտերում:-Երկու խոսքով դա դժվար Է արտահայտել՝ լեգենդար 1973 թվականը, երբ Երեւանի «Արարատ»-ն անմոռանալի մրցապայքարում նվաճեց ԽՍՀՄ չեմպիոնի եւ գավաթակրի կոչումները, բրոնզե մեդալը, որը ԽՍՀՄ-ի հավաքականը նվաճել Է 1966թվականին բրիտանական խաղադաշտերում կայացած ֆուտբոլի աշխարհի առաջնությունում, եվրագավաթների խաղերը, երբ Երեւանում կարողացել ենք հաղթել հանրաճանաչ «Բավարիա»-ին, Կիպրոսի «Անորտոսիս»-ին թիմի խփած 9 եւ իմ խփած 5 գոլերը, իրոք, պետք է հիշել բոլորը: Վստահ եմ, որ հայկական ֆուտբոլին լավ ժամանակներ են սպասում:
Հարցազրույցը` Զավեն Վարդանյանի