Մշակույթի նախարարությունն ուսումնասիրում է Մոզրովի քարանձավի փլուզման պատճառները
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց ձորի Գնիշիկի գյուղապետից մարտի 13-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունտեղեկություն է ստացվել, որ Մոզրովի քարանձավում տեղի է ունեցել փլուզում: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարությունից, քարանձավում`առաջին մուտքից 20 մ հեռավորության վրա, փլուզվել է մոտ 50-70 խմ հողազանգված, մասնակի փակելով երկրորդ մուտքը: Զոհեր եւ տուժածներ չկան:
ՀՀ մշակույթի նախարարության Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետի պաշտոնակատար Սերժիկ Առաքելյանը«Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ խնդրի մանրամասները պարզելու համար գործակալության տարածքային ստորաբաժանման աշխատակիցներն ուղեւորվել են Մոզրովի քարանձավ` ուսումնասիրություն կատարելու, փլուզման տեսակը պարզելու համար: Նրա խոսքով` պատճառները պարզելուց հետո համապատասխան քայլեր կձեռնարկվեն նախարարության կողմից: Մոզրովի քարանձավն ընդգրկված է ՀայաստանիՊատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում:
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը եւս ահազանգել է եւ տեսանյութ տարածել բնության հուշարձանի փլուզման վերաբերյալ:
Մոզրովի քարանձավը գտնվում է Վայոց ձորի մարզում, Եղեգնաձոր քաղաքի մոտ: Քարանձավը հայտնաբերվել է 30 տարի առաջ Մոզրով գյուղ տանող ճանապարհի կառուցման ժամանակ: Այն խորը քարանձավ է՝ հարուստ բազմապիսի երկրաբանական կազմավորումներով: