Սումգայիթյան ջարդերը քննադատող ակցիաներ են անցկացվել Գերմանիայում եւ Արգենտինայում
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արգենտնայի հայ երիտասարդները Բուենոս Այրեսում Ադրբեջանի դեսպանատան դիմաց մարտի 2-ին բողոքի ցույց են կազմակերպել սումգայիթյան զոհերի հիշատակին նվիրված: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ դատի Բրազիլիայի գրասենյակից, Հայ դատի գրաենյակի եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության երիտասարդները պաստառներով եւ պահանջատիրական երգերով շրջապատել են դեսպանատունը` քննադատելով Ադրբեջանի իրականացրած ոճրագործությունները:
«Արցախի եվրոպական կենտրոն» եւ Ցեղասպանության ճանաչման հանձնախումբ» գերմանական հասարակական կազմակերպությունները Բեռլինի երկու հայկական համայնքների հետ միասին «Սա իրավունք չունի նորից կրկնվել» կարգախոսով ցույց են կազմակերպել Բեռլինի կենտրոնական փողոցներից մեկում: Արցախի եվրոպական կենտրոնի տեղեկացմամբ, ցույցից հետո սգո միջոցառումը շարունակվել է Բեռլինի Սուրբ Լուիզ եկեղեցում, որտեղ բացման խոսքով հանդես է եկել Գերմանիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը: Ադրբեջանում հայ բնակչության ջարդերի և դրա հետևանքով ստեղծված ծանր իրավիճակի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ 20 տարուց ավելի ընթացող հակամարտության մասին վերլուծական զեկույցներով հանդես են եկել Տեսսա Հոֆմանը և «Հայ-գերմանական նամակագրություն» տեղեկատվական հանդեսի գլխավոր խմբագիր, հրապարակախոս Րաֆֆի Կանտյանը: Եզրափակիչ խոսքով երեկոն ավարտել է ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Արմեն Մարտիրոսյանը: