Անթիլիասում կատարվել է հոգեհանգստի պաշտոն` ի հիշատակ Սումգայիթյան զոհերի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Անթիլիասի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում փետրվարի 26-ին կատարվել է հոգեհանգստի պաշտոն` ի հիշատակ Սումգայիթյան զոհերի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կիլիկիո կաթողիկոսարանից, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը ոգեկոչման արարողության ժամանակ կարեւորել է Արցախի ժողովրդի սեփական իրավունքների եւ ազատության պաշտպանության համար մղած պայքարը, որի ընթացքում, սակայն, տեսել է բազմաթիվ վայրագություններ ու կոտորածներ: «Ամբողջ հայությունը պետք է պահանջատեր լինի այս հարցում»,- ասել է կաթողիկոսը:
Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը ներկայացրել է պատմական ակնարկ սումգայիթյան ջարդերի մասին` նշելով, որ անգամ դաժան օրեր ու վայրագություններ տեսնելուց հետո Արցախի ժողովուրդը դիմագրավում է բոլոր մարտահրավերներին` բռնելով զարգացման ուղին, զարգացնելով իր հոգեւոր ու մշակութային արժեքները: