ՀՀ ՍԴ նախագահն Արցախի դպրոցականների հետ հանդիպումից համոզվել է, որ արժանի սերունդ է մեծանում
2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 17-ին ԼՂՀ Ազգային Ժողովում մեկնարկած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 20-ամյակը. իրողություններ եւ հեռանկարներ» թեմայով գիտաժողովի շրջանակներում ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն այսօր այցելել է Ստեփանակերտի թիվ 11 ավագ դպրոց եւ հանդիպել 11-րդ դասարացիների հետ: Զրույցի թեման քսանամյա Արցախն էր, նրա ձեռքբերումներն ու անելիքները:
Աշակերտների հետ զրույցում ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահը նշեց, որ եթե արցախյան հիմնախնդրի լուծումը համարվում է ազգային առաջնահերթություններից, ապա յուրաքանչյուր հայ պարտավոր է իր ներդրումն ունենալ հարցի արդարացի լուծման համար: Հարությունյանը աշակերտներին պատմեց Ստեփանակերտում անցկացվող Արցախի անկախության հռչակման քսանամյակին նվիրված գիտաժողովի նպատակների մասին : «Բազմաշերտ է Արցախի խնդիրը, քսան տարի մենք անկախ երկիր ենք կառուցել հետեւաբար պետք է դասեր քաղենք անցած ճանապարհից ու նախանշենք անելիքները»,-ասաց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահը: Հանդիպման ընթացքում իրենց հետաքրքրող հարցերով հանդես եկան նաեւ աշակերտները, որոնց Հարությունյանը սիրով պատասխանեց:
«Արմենպրես»-ի հետ զրույցում, խոսելով հանդիպմանը ստացած տպավորությունների մասին, ՍԴ նախագահը նշեց, որ արժանի սերունդ է մեծանում, եւ ինքը շատ տպավորված է կատարված հարցադրումներից : «Մեկ անգամ եւս համոզվեցի, որ նման հանդիպումները ավելի կարեւոր են քան տարբեր լսարաններում կազմակերպվող ժամերով քննարկումները : Անկախության սերունդը պետք է հաղորդակից լինի այն բոլոր հարցերին, որոնք այսօր քննարկվում են հայկական իրականության մեջ. նրա զարգացման գործում չափազանց մեծ են անելիքները»,-ասաց Հարությունյանը: