Անդրեյ Սորոկինը ողջունել է միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու գաղափարը
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը փետրվարի 16-ին ընդունեց Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության երեւանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Անդրեյ Սորոկինին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Շնորհավորելով Սորոկինին նշանակման առթիվ` ԱԺ նախագահն ընդգծեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նախկին ղեկավարության հետ համագործակցության լավ ավանդույթները, վստահություն հայտնեց, որ դրանք հետագայում եւս կխորանան ու կընդլայնվեն: Նիկոյանը հատկապես կարեւորեց օրինաստեղծ ոլորտում, մարդու իրավունքների պաշտպանության, քաղաքական ազատությունների, բնապահպանական հիմնախնդիրների շուրջ փոխգործակցությունը: ԱԺ նախագահն անդրադարձավ ՀՀ ներքաղաքական իրավիճակին, ընտրական գործընթացներին, առկա օրենսդրական դաշտին: Նրա խոսքով` Հայաստանն ունի միջազգային չափանիշներին համապատասխան ընտրական օրենսգիրք, եւ առաջնահերթ խնդիրներից է առաջիկա խորհրդարանական ընտրությունները օրենքի տառին ու միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելը: Նիկոյանի համոզմամբ` պակաս կարեւոր չէ այդ ամենը միջազգային հանրությանը պատշաճ կերպով ներկայացնելը: Այս առումով ԱԺ նախագահը մեծապես կարեւորեց ԵԱՀԿ-ի, միջազգային այլ դիտորդական առաքելությունների դերը, ակնկալելով նրանցից անաչառ գնահատականներ:
Նիկոյանը ներկայացրեց նաեւ նախօրեին ԱԺ-ում ընթացած լսումներում իր առաջարկը` ԱԺ-ի եւ Ազգային ժողովի նախագահի իրավասությունների շրջանակներում ստեղծել խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերից կազմված մի մարմին, որը կհետեւի օրենքի կիրառությանը, ընտրական գործընթացներին:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Սորոկինը նշեց, որ ինքը տպավորված է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի արդյունավետ գործունեությունից, ՀՀ պետական ատյանների, մասնավորապես` Ազգային ժողովի, ինչպես նաեւ քաղաքական ուժերի ու հասարակական կազմակերպությունների հետ ունեցած սերտ համագործակցությունից: Ներկայացնելով իր տպավորությունները` նա նշեց, որ ակնառու է ՀՀ իշխանությունների կողմից ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու վճռականությունը, ինչը գնահատելի է: Ողջունելով նաեւ ԱԺ նախագահի` տարբեր ուժերից կազմված ներկայացուցչական մարմին ձեւավորելու առաջարկը` ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավարը ներկայացրեց այն ծրագրերը, որոնք պատրաստվում են իրականացնել առաջիկայում: Նա իր եւ իր ղեկավարության անունից պատրաստակամություն հայտնեց ամեն ինչում աջակցել համատեղ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ծրագրերին: