Շուշիում արհեստագործական ուսումնարան է կառուցվում
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում կառուցում է արհեստագործական ուսումնարան: Կրթօջախը կյանքի կկոչվի Եզնիկ Մոզյանի կտակած գումարներով եւ կկրի ֆրանսահայ բարերարի անունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից, երկհարկանի նորակառույց ուսումնարանը` 4050քմ մակերեսով, նախատեսված է 225 ուսանողի համար: Ուսումնարանը կունենա հանրակրթական առարկաների եւ արհեստների ուսուցման համար անհրաժեշտ բոլոր հարմարությունները. կահավորված դասասենյակներ, սարքավորումներով ու պարագաներով հագեցած լաբորատորիաներ, արհեստանոցներ, գրադարան, պահեստատեղ` օժանդակ նյութերի պահպանման ու պահեստավորման համար, ինչպես նաեւ կենտրոնական ջեռուցում: Արդեն սկսվել են կառույցի հողային աշխատանքները:
Ուսումնարանը նախագծվել է ֆրանսիական նմանատիպ մասնագիտական կրթօջախների օրինակով` հիմնվելով հիմնադրամի Ֆրանսիայի գրասենյակի մասնագիտական հանաձնաժողովի առաջարկությունների վրա: Դպրոցի մանկավարժական կազմը կվերապատրաստվի` ժամանակակից ամենաարդյունավետ ուսումնական մեթոդներով դասավանդելու նպատակով: Եռամյա կրթություն ստանալուց հետո ուսումնարանի սաները ձեռք կբերեն փականագործի, մետաղագործի, ներկարարի, տանիքագործի, սալիկապատողի, սանտեխնիկի, էլեկտրիկի մասնագիտություններ եւ կհամալրեն տեղի աշխատանքային շուկան, որտեղ վերոհիշյալ մասնագետների մեծ պակաս կա:
Ուսումնարանը կունենա ննջարանային մասնաշենք եւ կկարողանա ընդունել նաեւ Արցախի եւ Հայաստանի մարզերից եկած ուսանողների:
Արհեստագործական ուսումնարանը կառուցվում է Շուշիի արեւելյան թաղամասում, որը հավակնում է դառնալ ուսումնական թաղամաս, քանի որ այստեղ են կենտրոնացված հումանիտար եւ երաժշտական դպրոցներ, ինչպես նաեւ Արցախի պետական համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետը: