Ինչ Է սպասում Թուրքիային, եթե եվրոպական երկրներն օրենքներ ընդունեն հայերի ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին
7 րոպեի ընթերցում
![Ինչ Է սպասում Թուրքիային, եթե եվրոպական երկրներն օրենքներ ընդունեն հայերի ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2012/02/679971.jpg)
ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Սենատի կողմից ցեղասպանությունների, մասնավորապես, հայերի ցեղասպանության եւ Հոլոքոստի ժխտման համար քրեական պատասխանատվության մասին օրինագծի ընդունումից հետո խորհրդարաններ համանման օրինագծեր մտցնելու մտադրություն են հայտնել Նիդեռլանդների, Գերմանիայի եւ այժմ ահա Իսպանիայի քաղաքական գործիչները: Արդեն երկու տարի Շվեյցարիայում գործող այդօրինակ օրենքը ճշտակատար կերպով գործում Է, եւ բոլորովին վերջերս այդ օրենքով պատասխանատվության Է կանչվել Թուրքիայի՝ Եվրամիության գործերի նախարար Էգեմեն Բաղըշը:
Սենատում կայացած քվեարկությունից հետո օրինագծի եւ, ընդհանուր առմամբ, հայերի ցեղասպանության ճանաչման վերաբերյալ իրենց տեսակետն են հայտնել Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը եւ անցյալ տարի ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Լիտվայի արտաքին գործերի նախարար Աուդրոնիուս Աժուբալիսը: Այսպես, Եվրախորհրդարանը հորդորում Է Թուրքիային՝ ճանաչել հայերի ցեղասպանությունը, ինչը Եվրամիությանը Թուրքիայի անդամագրվելու նախապայմաններից մեկն Է: «Լինելով գերմանացի՝ ես գիտեմ իմ երկրի պատմությունը եւ այն դերը, որ դրանում խաղացել Է բանակը: Թուրքիան պետք Է առերեսվի իր պատմության հետ եւ պետք Է ազատություն տրվի դրա վերաբերյալ անկախ հարցապնդումների գոյությանը: Ես հարգում եմ Ֆրանսիայի խորհրդարանի ինքնավարությունը եւ ցեղասպանությունների, այդ թվում՝ հայերի ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծ ընդունելու նրա որոշումը եւ ճանաչում եմ բազմաթիվ եվրոպացիների, որոնք այդ հարցում համամիտ են Ֆրանսիայի Սենատի կարծիքին»,-ասել Է Շուլցը:
Իսկ Աուդրոնիուս Աժուբալիսի խոսքով՝ վաղ թե ուշ պատմությունը կթակի ներկայի դռները, եւ մենք ստիպված կլինենք արդար ու ազնիվ գնահատական տալ տեղի ունեցածին: «Առանց դրա մենք երբեք հաշտ հարաբերություններ չենք ունենա, ուստի ես պաշտպանում եմ քաղաքական այն գործիչներին, ովքեր հանդես են գալիս պատմական իրադարձությունները քննարկելու օգտին»,-հայտարարել Է նա:
Իսկ բոլորովին վերջերս Գերմանիայի Բունդեսթագի անդամ Կատրին Վերները բաց նամակ Է ուղարկել երկրի պետնախարարին, որում իր անհամաձայնությունն Է հայտնել Գերմանիայի կառավարության դիրքորոշմանը, որի համաձայն՝ հայերի ցեղասպանության հարցը պետք Է ուսումնասիրեն գիտնականները: Իր նամակում Վերները նաեւ ընդգծել Է, որ Բեռլինը պարտավոր Է պաշտոնապես ճանաչել հայերի ցեղասպանությունը, ինչպես եւ Գերմանիայի պատասխանատվությունն այդ հարցում: Իրոք, գերմանական կայսրությունը Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին այդ հարցում փաստորեն Օսմանյան կայսրության կողմն Էր, եւ տարբեր երկրների, այդ թվում եւ Գերմանիայի արխիվներում, բազմաթիվ վկայություններ են պահպանվել 1915 թվականին հայերի սպանդին գերմանացի դիվանագետների լռելյայն համաձայնության մասին:
Օսմանյան կայսրությունում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուն իր «Հայ ժողովրդի ողբերգությունը» գրքում ուղղակիորեն գրում Է այն մասին, որ Գերմանիայի դեսպան բարոն ֆոն Վանգենհայմը, իմանալով հայերի զանգվածային սպանությունների մասին, ոչինչ չարեց, որպեսզի ինչ-որ կերպ ներգործի երիտթուրքերի կառավարության վրա: Մորգենթաուն գրում Է. «Մարդկանց զանգվածաբար տեղահանելու գաղափարն ի սկզբանե գերմանական Է: Դրան կարող Է հանդիպել յուրաքանչյուր ոք, ով պանգերմանական գրականություն Է կարդում»: Այնպես որ Բունդեսթագի պատգամավորի առաջարկը հիմնված Է հենց պատմության վրա, որին այդքան սիրում են հղում անել Թուրքիայի պաշտոնատարները:
Այս ամբողջ պատմության մեջ անբարեհաճություն Է հարուցում նախագահ Օբամայի վարչակազմի դիրքորոշումը, որը հնչեցրել Է պետքարտուղար Քլինթոնը՝ հանդես գալով ի պաշտպանություն Թուրքիայի եւ Ֆրանսիայի ընդունած օրինագծի դեմ:
Ինչ վերաբերում Է Իսրայելի դիրքորոշմանը, ապա այն կասկածելի «առավելությունը», թե հենց Հոլոքոստն Է միակն ու եզակին, չի կարող արդարացում ծառայել տարատեսակ հայտարարությունների համար, ինչպես, ասենք՝ Իսրայելը երբեք չի ճանաչի հայերի ցեղասպանությունը…
Ինչ վերաբերում Է Իսպանիային, ապա, հրեական համայնքի ղեկավար Իսահակ Քերուբի կարծիքով՝ թուրքերի կողմից հայերի ցեղասպանության իրագործման կապակցությամբ նմանօրինակ օրենքի ընդունումն անհրաժեշտություն Է: Իսահակ Քերուբը կոչ Է արել Իսպանիայի օրենսդիրներին՝ երկրի քրեական օրենսգրքում դրույթ ներառել Հոլոքոստի եւ հայերի ցեղասպանության ժխտման համար պատժելու մասին: «Դեռ կան մարդիկ, ովքեր ձգտում են ավարտին հասցնել Հիտլերի սկսած գործը: Ահա թե ինչու անհրաժեշտ Է այդօրինակ օրինագծի ընդունումը»,-գրում Է Քերուբը իսպանական El Pais թերթում: Նա նաեւ ընդգծել Է, որ ցեղասպանություններին վերաբերող տեղեկատվությունը հարկավոր Է ընդգրկել դպրոցների ուսումնական ծրագրերում, որպեսզի նոր սերունդը իմանա անցյալի հանցագործությունների մասին:
Մինչդեռ Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը դեռեւս չի որոշել՝ երբ Է քննարկելու հայերի ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի սահմանադրականության հարցը: Քվեարկությանը չմասնակցած սենատորները հավաքել են 76 ստորագրություն եւ դիմել Սահմանադրական խորհրդին՝ բացահայտելու օրինագծի սահմանադրական չլինելը:
Բայց այս բոլորը քաղաքական հարցեր են, իրականում Թուրքիան պետք Է ընտրի, թե ինչ գործելակերպ Է որդեգրելու Եվրոպայի եւ մնացած աշխարհի նկատմամբ: Երբ ինչ-որ մեկը շարունակ «ոչ» Է ասում, ապա ողջամիտ մարդկության մնացած մասի մոտ կասկածներ են առաջանում այդ «ոչ»-ի ճշմարիտ լինելու հարցում: Եթե Թուրքիայի կառավարությունը այն համառությամբ, որը արժանի Է ավելի լավ կիրառություն գտնելու, շարունակի ժխտել ակնհայտը եւ սպառնա պատժամիջոցներով, ապա դա Անկարային ոչ մի լավ բան չի խոստանում: