«Բեյզ Մեթըլս»-ը ` Արցախում ամենաշատ հարկ վճարած ընկերություն
1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախում անցած տարում ամենաշատ հարկ վճարած տնտեսվարող սուբյեկտների ցուցակը գլխավորում է «Բեյզ Մեթըլս» հանքահումքային ընկերությունը: Այդ մասին «Արմենպրես»-ի` Արցախի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ կառավարության առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արթուր Հարությունյանը` նշելով, որ ընկերության կողմից 2011թ-ին ընդհանուր առմամբ պետական բյուջե է վճարվել 4 միլիարդ 212 միլիոն 125 հազար դրամ հարկեր, տուրքեր եւ պարտադիր այլ վճարներ (այդ թվում` պարտադիր սոցիալական ապահովության վճար): «Բեյզ Մեթըլս»-ին հաջորդում են «Ղարաբաղ Տելեկոմ» եւ «Արցախէներգո» ՓԲԸ-ները: Խոսելով Արցախում հարկային դաշտի վարչարարության մասին` Հարությունյանը նշեց, որ պետական մակարդակով տարեցտարի շարունակվում է ոլորտում բարենպաստ միջավայրի ստեղծման քաղաքականությունը: «Մեզ համար սկզբունքային հարց է, որպեսզի Արցախում ՀՊ ծառայության գործունեությունը ոչ թե խանգարի տնտեսվարող սուբյեկտների աշխատանքին, այլեւ, բացառելով ստվերը, նպաստի դրանց զարգացմանը»-ասաց ԼՂՀ ՀՊԾ պետի տեղակալը: