7 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերում երեք զինծառայող որդի ունեցող մի քանի ընտանիքներ Բանակի օրվա առթիվ, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանի կարգադրությամբ, արժանացել են ՀՀ ԱԺ նախագահի շնորհակալագրի եւ դրամական պարգեւի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հունվարի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը խորհրդարանի Ոսկեզօծ դահլիճում հյուրընկալել է նրանց: ԱԺ նախագահի առաջարկությամբ զինծառայողներն ու ծնողները նախապես չէին տեղեկացվել միմյանց մասնակցության մասին, եւ նրանց հուզումնալից հանդիպումը խորհրդարանում հաճելի անակնկալ էր:
ԱԺ նախագահի կարգադրությամբ, Բանակի օրվա առթիվ Ազգային ժողովի Պատվո մեդալով են պարգեւատրվել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ԱԺ պատգամավորներ Հրայր Կարապետյանը, Արմեն Մխիթարյանը, Առաքել Մովսիսյանը, Սեդրակ Սարոյանը, Արթուր Աղաբեկյանը:
Միկոյանների, Դանիելյանների, Գլջիյանների, Գեւորգյանների եւ Ավետիսյանների ընտանիքների ներկայացուցիչներին եւ ԱԺ պատգամավորներին հանձնելով պարգեւները` ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը շնորհավորել է բոլորին ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյակի առթիվ եւ նշել. «Մեր բանակն արդեն եւ միաժամանակ` դեռեւս 20-ամյա երիտասարդ է, բայց տարիքին թերեւս անհամապատասխան շատ ավելի հարուստ կենսափորձով եւ վստահությամբ է նայում ապագային, որովհետեւ ունի մնայուն ու արժանապատիվ հետք անցյալում եւ ներկայում: Կարծում եմ` խորհրդանշական է հայոց բանակի զինվորների ներկայությունը հայոց խորհրդարանում` որպես ուժի եւ իրավունքի միասնություն, որովհետեւ բանակը խորհրդանշում է ուժը, իսկ խորհրդարանը` օրենքը, որոնք երկուսն էլ գերակա են անարդարության եւ որեւիցե ոտնձգության նկատմամբ»:
Աժ նախագահի խոսքերով` տարիներ շարունակ հայ զինվորը ծառայել է օտար բանակում, պաշտպանել օտարի հայրենիքը, բայց 20 տարի առաջ իրողությունները փոխվել են, եւ հայ զինվորը պաշտպանել է իր ընտանիքը, իր պատիվը, իր հայրենիքը: «20 տարի առաջ էլ մեր բանակը ծնվեց արդարությունը եւ իրավունքը պաշտպանելու պայքարում, եւ այդ պայքարին զուգընթաց, երբ պատերազմ չցանկանալով հանդերձ ստիպված էինք զենքի դիմել, որովհետեւ հակառակ կողմն այլ լեզու այդպես էլ չցանկացավ հասկանալ: Հայոց զինուժը ծնունդ առավ հայրենիքի ու հայի նկատմամբ ինքնաբուխ սիրուց, նրանց պաշտպանելու անհրաժեշտությունից ու մտահոգությունից: Նման վերաբերմունք միմյանց նկատմամբ ունենում են հարազատները: Ահա այդպիսի զգացմունքախառն ու իսկապես նվիրումի մեջ ծնվեց հայկական բանակը, որի մարտունակությունը, կարծում ենք, այսօր գերադասում է կասկածի տակ չդնել ոչ միայն նման փորձից բազմիցս տուժած մեր ռազմատենչ հարեւանը, այլեւ մեզանից հեռու գտնվող տարածաշրջաններում, որովհետեւ գիտեն, որ անկախ ժամանակից, հայ զինվորի ոգին մնացել է նույնը: Նույնն է մնացել նաեւ հայ ծնողի սերը ե'ւ իր զավակի, ե'ւ նրա կողմից պաշտպանվող հայրենիքի նկատմամբ: Նա հասկանում է, որ իր զավակին է ուղարկում բանակ, բայց նաեւ հասկանում է, որ ուղարկում է ոչ միայն իր, այլեւ բոլորիս հայրենիքը պաշտպանելու: Հասկանում է, որ իր զավակն այլեւս բոլորինս է, ու բոլորիս սերն էլ միանալով իր սիրուն` ավելի ամուր է դարձնում հայրենիքի զինվորի թիկունքը: Այսօր այս դահլիճում հյուրընկալելով հայոց բանակի զինվորներին ու նրանց ծնողներին` ուզում եմ Ազգային ժողովի ու անձամբ իմ անունից շնորհակալություն հայտնել ձեզ, եւ հանձինս ձեզ` բոլոր զինվորներին ու սպաներին, նրանց ծնողներին ու հարազատներին` բանակին հարազատի հոգատարությամբ վերաբերվելու, բանակի կողքին կանգնած լինելու համար: Որքան էլ խիզախ լինի զինվորը, որքան էլ զինված լինի ամենաժամանակակից զենքով, միեւնույնն է, նա իրեն վստահ չի զգա, եթե թիկունքն ամուր չլինի, եթե չզգա հասարակության աջակցությունը: Իսկ հասարակությունը բոլորս ենք` անկախ մեր զբաղեցրած պաշտոնից: Դրա վկայությունը համարենք նաեւ այն, որ Բանակի օրվա առթիվ Ազգային ժողովի պարգեւների են արժանանում ոչ միայն այսօրվա բանակի զինվորի ընտանիքները, այլեւ երեկվա զինվորը, ով այսօր պատգամավոր է: Բայց, համոզված եմ, անհրաժեշտության դեպքում արդեն հաջորդ պահին նա վերստին կզինվորագրվի հայրենիքի պաշտպանությանը»,- նշել է Նիկոյանը:
Եւս մեկ անգամ շնորհավորելով օրվա առթիվ` Ազգային ժողովի նախագահը զինվորներին ու սպաներին, բոլոր զինծառայողներին մաղթել է առողջություն, խաղաղություն եւ արեւշատություն, իսկ նրանց ծնողներին` համբերություն, լավատեսություն եւ վստահություն: «Թող երբեք անհրաժեշտություն չզգացվի, որ մեր զինվորներն իրենց մարտական բարձր պատրաստվածությունն ու զինվորական հմտությունները դրսեւորեն ռազմական իրավիճակներում» ,- ասել է ԱԺ նախագահը:
ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյակի եւ ՀՀ զինված ուժերի կայացման ու բանակաշինության գործում ունեցած ներդրման համար ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարգեւատրվել է «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական մեդալով: Այս պարգեւին արժանացել են նաեւ ԱԺ վերոհիշյալ պատգամավորները, ինչպես նաեւ նրանց գործընկերներ Հրանտ Գրիգորյանը, Միքայել Մանուկյանը, Ռուբեն Հայրապետյանը, Աշոտ Աղաբաբյանը, Ռուբեն Գեւորգյանը, Ռուստամ Գասպարյանը:
Շնորհակալություն հայտնելով կազմակերպված միջոցառման համար` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ ավանդույթ է դարձել ԱԺ ղեկավարության կողմից երեք զինվոր ունեցող ընտանիքներին խրախուսելը: Նախարարն իր երախտագիտությունն ու շնորհակալությունն է հայտնեց ծնողներին ու զինծառայողներին, ովքեր իրենց ծառայությամբ եւ ամենօրյա քրտնաջան աշխատանքով բարձրացնում են հայոց բանակի մարտունակությունը: