2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հունվարի 27-ին ընդունել է Համաշխարհային բանկի պարենի ապահովման ծրագրերի ներկայացուցիչ Ջուզեպպե Ֆանտոզիին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության մամուլի ծառայությունից, հանդիպմանը քննարկվել են հատկապես ոռոգման համակարգին առնչվող հարցեր: Ֆանտոզին նախարարին տեղեկացրել է, որ նպատակ ունի առաջիկայում կազմել եւ իրականացնել Հայաստանի ոռոգման համակարգի բարելավմանը միտված մի նոր ծրագիր եւ այդ հարցի շուրջ նախնական քննարկումներ է ներկայում իրականացնում ՄԱԿ–ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության, Պարենի համաշխարհային կազմակերպության ու միջազգային այլ կազմակերպությունների հետ: Նախարարը նշել է, որ չնայած միջազգային կառույցների աջակցությամբ` այդ թվում «Հազարամյակի մարտահրավերներ-Հայաստան» ծրագրով, բավականին աշխատանք է կատարվել ոռոգման համակարգի բարելավման ուղղությամբ, սակայն անելիքները դեռեւս շատ են: Նա կարեւորել է Արարատյան հարթավայրում ցամաքուրդային մաքրման համակարգերի կառուցումը, քանի որ վերջիններիս բացակայոթյունը հանգեցնում է աղակալման ու խոչընդոտում հողերի լիարժեք օգտագործմանը: Նախարարն անդրադարձել է նաեւ ոռոգման ներցանցային համակարգի բարելավման անհրաժեշտությանը: «Խնդիր ունենք նաեւ պոմպակայանների արդյունավետ օգտագործման, ինչպես նաեւ ջրօգտագործողների կողմից փաստացի օգտագործած ջրերի ծավալների ճշգրտման մասով»,- հավելել է նա: Ֆանտոզին նշել է, որ ներկայացվող դիտարկումների հիման վրա ստեղծվելիք փաստաթուղթը կներկայացվի քննարկման: Կողմերը պայմանավորվել են մարտին նախատեսվող հաջորդ հանդիպման ժամանակ քննարկել նաև սննդի անվտանգությանն առնչվող հարցեր: