Խորհրդակցություն` նվիրված Ստեփանակերտի բարեկարգմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 25-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված մայրաքաղաք Ստեփանակերտի բարեկարգման աշխատանքներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հատուկ ուշադրություն է դարձվել բազմաբնակարան շենքերի տանիքների կապիտալ վերանորոգման եւ բակերի ու ընդհանուր օգտագործման տարածքների բարեկարգման հարցերին:Նախագահը նշել է, որ թեպետ այս ուղղությամբ արդեն իսկ մեծ աշխատանք է կատարվել, սակայն իրավիճակը դեռեւս բավարար համարել չի կարելի:

Բակո Սահակյանն ընդգծել է առկա խնդիրների համալիր լուծման անհրաժեշտությունը` հավելելով, որ Ստեփանակերտը, լինելով հանրապետության դեմքը, որտեղ կենտրոնացված է բնակչության մեծ մասը, պետք է ունենա հարմարավետ ապրելու համար համապատասխան պայմաններ եւ արժանավայել տեսք:

Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել կառավարությանը` առկա խնդիրների լուծման վերաբերյալ: Նախագահը, մասնավորապես, հանձնարարել է Ստեփանակերտի քաղաքապետարանի հետ միասին հնարավորինս կարճ ժամկետում մշակել մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի բակերի ու ընդհանուր օգտագործման տարածքների բարեկարգման եւ տանիքների կապիտալ վերանորոգման համապարփակ ծրագիր, կազմել աշխատանքների իրականացման ժամանակացույց` հաշվի առնելով առկա իրավիճակն ու խնդիրների առաջնահերթությունը, եւ ապահովել իրականացվող աշխատանքների լուսաբանումը ԶԼՄ-ներում:

Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հայերեն Русский