1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 24-ին այցելել է Ստեփանակերտի օդանավակայան, տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին եւ անցկացրել խորհրդակցություն օդանավակայանի վերագործարկման հետ կապված հարցերի շուրջ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, 2011 թվականին կատարած աշխատանքների մասին զեկույցներով հանդես են եկել քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը, վարչության եւ օդանավակայանի պատասխանատու աշխատակիցները:
Բակո Սահակյանը գոհունակություն է հայտնել իրականացված աշխատանքների կապակցությամբ եւ հավելել, որ այս տեմպերը ու որակը պետք է պահպանվեն այսուհետ եւս: Նախագահը նշել է, որ օդանավակայանը մեր հանրապետության ռազմավարական կարեւորագույն նշանակություն ունեցող օբյեկտներից է, որի վերագործարկումը մեծապես կնպաստի երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ բոլոր աշխատանքները պետք է իրականացվեն անթերի եւ սահմանված ժամկետներում: