Արցախում ձյան առատ տեղումների պատճառով միջշրջանային երթուղիները փակ են
1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 Հունվարի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 20-ին ձյան առատ տեղումների պատճառով Արցախում որոշ միջշրջանային երթուղիներում երթեւեկությունը խափանվել է:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ստեփանակերտի կենտրոնական ավտոկայանի տնօրեն Վալերի Հարությունյանը: «Այսօր նախատեսված 60 երթուղիներից 15-ը չի աշխատել»,-ասաց Հարությունյանը:
Բաց են միջպետական ճանապարհները, եւ ավտոկայանի տնօրենի խոսքով, ժամանակացույցի համաձայն` մեկնել եւ ժամանել են Ստեփանակերտ-Երեւան, Ստեփանակերտ-Սիսիան եւ Ստեփանակերտ-Հրազդան միկրոավտոբուսները:
Ինչպես տեղեկացրեցին ԼՂՀ Ճանապարհային ոստիկանության մամլո ծառայությունից, այս պահի դրությամբ հանրապետության տարածքում մեքենատրանսպորտային պատահարներ չեն գրանցվել: ԼՂՀ հիդրոմետ ծառայության տրամադրած տվյալների համաձայն` հարավային կողմից ներթափանցած սառը հոսանքը երկար չի մնա, եւ առաջիկա շաբաթվա ընթացքում հանրապետության տարածքում ոչ միայն տեղումներ չեն գրանցվի, այլեւ ջերմաստիճանը 0-ից կբարձրանա մինչեւ 7 աստիճան: