Սոչիի հանդիպումը որպես բանակցությունների շարունակման գրավական
3 րոպեի ընթերցում
![Սոչիի հանդիպումը որպես բանակցությունների շարունակման գրավական](http://armenpress.am/resized/480/static/news/b/2012/01/676205.jpg)
ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպման նախաշեմին Բաքուն նախկինի պես չի պատրաստվում ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծից հետ քաշել դիպուկահարներին եւ խոչընդոտում Է Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում տեղի ունեցող միջադեպերի վերլուծման մեխանիզմի ստեղծմանը: Նման իրադրությունը հազիվ թե կարող Է ծառայել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ակնկալվող տեղաշարժերին: Դեռ ավելին, դա կարող Է վերջնականապես փակուղի մտցնել ողջ գործընթացը, եւ դրա պատասխանատվությունն ամբողջովին կընկնի ադրբեջանական կողմի վրա:
Հիշեցնենք, որ շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը քննարկվել Էր անցյալ տարվա մարտի 5-ին Սոչիում կայացած հանդիպմանը, ինչպես նաեւ Կազանում նախագահների վերջին հանդիպմանը: Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքով՝ պայմանավորվածությունը լիարժեք աջակցություն Է ստացել միջազգային հանրության կողմից: «Սակայն այն մինչ այժմ չի իրականացվում, քանի որ ադրբեջանական կողմը խանգարում Է նմանօրինակ մեխանիզմ ստեղծելու վերաբերյալ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների առաջարկություններին: Ադրբեջանական կողմից հայտարարություններ են հնչում այն մասին, որ նման առաջարկներ ընդհանրապես չեն արվել եւ նման պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել»,-նշել Է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Ինչպես միշտ Ադրբեջանն իր համար հնարավոր Է համարել դեմ գնալ միջազգային հանրությանը՝ դրա համար չունենալով ոչ մի հիմք, բացի «նավթի հսկայական պաշարներից», որի հանույթն անշեղորեն նվազում Է, ինչպես եւ գազի արդյոնահանումը: Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ Էներգետիկայի հարցերով օգնական Ռիչարդ Մոռնինգսթարը նախօրյակին հայտարարեց Nabucco-ի կասկածելի նպատակահարմարության մասին, Բաքուն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում բնավ չպետք Է հանդես գա անտեղի սպառնալիքներով ու շանտաժներով:
«Երբ ԵԱՀԿ-ում քննարկվում Էր բյուջեն, եւ համանախագահներն առաջարկեցին համապատասխան հատկացումներ անել այդ մեխանիզմի ստեղծման համար, Ադրբեջանը դեմ արտահայտվեց, իսկ երբ ոչինչ չստացվեց, սկսեց սպառնալ, որ վետո կկիրառի ԵԱՀԿ-ի ամբողջ բյուջեի նկատմամբ»,-հիշեցրել Է Էդուարդ Նալբանդյանը:
Մի խոսքով՝ ոչ մի նոր բան չկա, եւ Սոչիի հանդիպումից լուրջ բեկում չի սպասվում: Ճիշտ Է՝ բանակցությունները կշարունակվեն, ինչը որոշակի վստահության տեղիք Է տալիս, որ Իլհամ Ալիեւը չի համարձակվի գնալ ռազմական արկածախնդրության, որը ոչ Ադրբեջանին, ոչ Էլ ամբողջ տարածաշրջանին ոչ մի լավ բան չի բերի: